Եկեղեցին երբեք քաղաքականությունից դուրս չի եկել. Սրապիոնյան

Եկեղեցին երբեք քաղաքականությունից դուրս չի եկել. Սրապիոնյան

Այս շարժումը, ի տարբերություն մյուս շարժումների, հոգևոր երանգներ ունի իր մեջ։ Եթե հիշում եք, բոլոր շարժումներից առաջ անընդհատ Վեհափառի, եկեղեցու հասցեին կշտամբանքներ կային, թե տեղից չեն շարժվում, չնայած որ հրաժարական պահանջել էին։ Այսինքն՝ սա նշանակում է, որ մեր ժողովուրդը ավելի շատ վստահում է իր հոգևոր հայրերին, քան իր աշխարհիկ ղեկավարներին, և դրա մեջ ժողովուրդը մեղքի բաժին չունի, որովհետև երեսուն տարվա մեջ նախ այն, ինչ տեղի է ունեցել, մեր բոլորի աչքի առաջ է, և եթե շատ անկեղծ խոսելու լինենք, այս փորձանքի փաստարկների մեջ որոշակի տրամաբանություն կար, դրա համար ժողովուրդը հավատաց սրան։
MediaHub-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Սփյուռքի նախկին փոխնախարար, մտավորական Սերժ Սրապիոնյանը՝ թվարկելով նաև նախկինների թերությունները, որոնց պատճառով էլ այսօրվա իշխանությունները դեռ իշխանության են:

«Թեպետ համեմատելու չեն ներկաների հետ, բայց նախկինները նաև տհաճ կողմեր ունեին՝ կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ, հանկարծակի հարստանալու փաստերի հետ, որը թալան որակեցին և այլն։ Այս ամենը հիմք տվեց, որ էս մարդը կարողանա գալ իշխանության՝ անկախ նրանից, թե դրսից ինչ ուժեր էին հովանավորում, որտեղ էր սովորել, ինչ էին սովորեցրել, ինչ մեխանիզմներով եկավ, էդ բոլորը մի կողմ դրած՝ տեղում հիմք կար, որպեսզի սա կարողանար էդ իր ամբողջ դիվային ծրագիրը իրագործեր»։

Եւ հիմա, ըստ Սրապիոնյանի, միակ չապականված ինստիտուտը մնում է Հայ առաքելական եկեղեցին, և պատճառն էլ դա էր, որ այս իշխանությունները եկեղեցու դեմ հենց սկզբից սկսեցին «խաչակրաց արշավանքը»։ 

«Հիմա եկեղեցին մի քանի անգամ փորձ արեց և՛ հաշտության, և՛ միասնականության հարցեր լուծել, անգամ գնաց ծայրահեղ քայլի՝ պահանջելով էս մարդկանց հրաժարականը, բայց գլուխ չեկավ։ Հիմա, երբ դանակը ոսկորին հասավ, եկեղեցին սկսեց արդեն բացեիբաց գործել»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։

-Բայց եկեղեցուն էլ հիմա մեղադրում են քաղաքական կյանքին խառնվելու, քաղաքականությամբ զբաղվելու մեջ, և եթե մտել է այդ դաշտ, ուստի պետք է պատրաստ լինի նաև քաղաքական գնահատականներ լսելու։

-Եկեղեցին երբեք քաղաքականությունից դուրս չի եկել։ Հենց այն, որ եկեղեցին զբաղվում է մի ամբողջ ազգի հոգևոր, կրթական դաստիարակությամբ, դա արդեն քաղաքականություն է, դա եկեղեցու քաղաքականությունն է։ Եւ եկեղեցին, որպեսզի կարողանա իրագործել իր բոլոր ծրագրերը, նրան անհրաժեշտ է գետին, հող, հիմք, և այդ հիմքը իր հայրենիքն ու ժողովուրդն է։ Եւ եկեղեցին մեզ համար բոլոր վճռական, ճակատագրական պահերին, երկրի ու ժողովրդի համար ոչ բարենպաստ պայմաններում միշտ էլ հանդես է եկել քաղաքական գործունեությամբ, եթե դա քաղաքական գործունեություն է։ Եւ երբ մարդիկ ասում են՝ «մենք քաղաքականության հետ գործ չունենք, դա արդեն իսկ քաղաքականություն է»։

-Հիմա ի՞նչ եք մտածում, այս շարժումը հաջողություն կունենա՞, թե՞, ինչպես իշխանականներն են պնդում, գնում է մարման։

-Ես չեմ կարծում, թե այս շարժումը կվերջանա։ Անգամ, եթե մարման ինչ-ինչ միտումներ նկատվեն, այսինքն՝ մասսաները աստիճանաբար քչանան, միևնույն է, ծովային տեղատվության և մակընթացության նման՝ ալիքներով շարժվելու է այս շարժումը։ Եկեղեցին, դատելով Բագրատ Սրբազանի գործունեությունից, Վեհափառի՝ առանձին հայտարարություններից, եկեղեցին չի նահանջելու։

-Սրբազանն ասաց՝ պետք է իմպիչմենթի գործընթաց սկսել խորհրդարանում, իսկ դրա համար պետք է նաև վարչապետի թեկնածու ներկայացնել։ Ի՞նչ եք կարծում, կգտնվի՞ այնպիսի թեկնածու, որի շուրջ կհամախմբվեն բոլորը, թե՞ Սրբազանն ինքը պետք է լինի այդ թեկնածուն։

-Ես էական տարբերություն չեմ տեսնում՝ աշխարհի՞կ կլինի ժամանակավոր կառավարության գլուխ կանգնած, թե՞ հոգևորական։ Ինձ համար, իհարկե, իդեալական տարբերակն այն կլինի, որ ժամանակավոր կառավարությունում որոշակի թվաքանակ կազմող խորհուրդ լինի, և դրանում նաև հոգևորականներ լինեն։ Բայց, ինչ վերաբերում է վարչապետի կոնկրետ թեկնածուին, այդքան շտապ չի կարելի այդ խնդիրը դնել։ Պետք է շատ հստակ տարբերակել առաջնորդին վարչապետից։ Շարժման առաջնորդը կա, և դա միանշանակ Բագրատ Սրբազանն է։ Այսինքն՝ հոգևոր շարժում է սա։ Եւ, եթե մենք վստահում ենք այդ շարժման առաջնորդին, ու եթե այդ շարժման առաջնորդը հարմար գտնի մի անուն տա, որը մի քանիսի քիմքին դուր չգա, էն մի քանիսի քիմքին դուր կգա, պիտի միանշանակ վստահեն այս շարժման առաջնորդի առաջարկին, թե ով կլինի այդ թեկնածուն, եթե ուզում են այս փակուղուց դուրս գալ։ Իսկ այդպիսի թեկնածու, դատելով Սրբազանի ակնարկներից, արդեն իսկ նախանշված կա։ Ես չգիտեմ՝ ով է, չեմ էլ ենթադրում՝ ով կարող է լինել, բայց երբ ինքն ասում է՝ «այդ առաջնորդի մասին կասենք», նշանակում է ինչ-որ մեկի նկատմամբ որոշակի վերաբերմունք արդեն իսկ դրսևորված է։ Այդ դեպքում, եթե մենք տարբերակում ենք, այսպես կոչված, կառավարության գլխին շարժման գլխից՝ առաջնորդին վարչապետից, մենք շատ հեշտ կարող ենք այդ առաջնորդի խնդիրը լուծել։

Վահե Մակարյան