ՀՀ-ի ևՉեխիայի ՊՆ-ների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին նախագիծը մտավ ԱԺ նիստերի օրակարգ

ՀՀ-ի ևՉեխիայի ՊՆ-ների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին նախագիծը մտավ ԱԺ նիստերի օրակարգ

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ներառված հարցերն են՝ 
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է։ Ըստ այս համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման եւ արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովում, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցություն, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված այլ հարաբերությունները։ 

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ հայ-չեխական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ։

«Նշեմ, որ համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելուց նաեւ ՍԴ-ի կողմից ճանաչվել է սահմանադրության պահանջներին համապատասխան»,-ընդգծեց ՊՆ փոխնախարարը։ 

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետարքրքվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այսքան տարվա լռությունը, երբ համաձայնագիրը վավերացվել է 2019թ-ին։

Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ Չեխիայի Ազգային ժողովում այս տարի է վավերացվել նախագիծը․ «Ինչը պայմանավորված է եղել քովիդի համավարակով եւ դրանից հետո, ենթադրաբար, մեր երկրում տեղի ունեցած պատերազմի եւ մի շարք այլ հանգամանքներով»։ 
 
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին՝ հիշյալ նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ բերելու Կառավարության առաջարկին։