Թուրքիան չպետք է հեռու մնա նոր աշխարհաքաղաքական դարաշրջանից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսին։
Գերմանիայի կանցլերը նաև խոսել է Եվրոպայի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման անհրաժեշտության մասին։
«Ես ուզում եմ Անկարայից ուղերձ հղել. մենք պետք է ավելի լավ օգտագործենք մեր հարաբերությունների հսկայական ներուժը առաջիկա տարիներին։ Աշխարհը մտնում է նոր աշխարհաքաղաքական դարաշրջան, որտեղ մեծ տերությունները վճռորոշ դեր կխաղան։ Իմ եզրակացությունն այսպիսին է. որպես գերմանացի, որպես եվրոպացի, ես կարծում եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունները։ Թուրքիան չի կարող և չպետք է անմասն մնա այս գործընթացից»,- նշել է Մերցը։
«Ես, ինչպես Գերմանիայի դաշնային կառավարությունը, ցանկանում եմ տեսնել Թուրքիային Եվրոպական Միության կազմում»,- ընդգծել է Մերցը։
Խոսելով Իսրայելի մասին՝ կանցլերն ասել է․ «Գերմանիան միշտ կաջակցի Իսրայելին։ Գազայում երեխաները «Համաս»-ի պատանդն են եղել»։
Էրդողանը հանդիմանել է Գերմանիային Գազայի ռմբակոծությունների վերաբերյալ լռության համար․ ««Համաս»-ը ո՛չ ռումբեր ունի, ո՛չ էլ միջուկային զենք։ Այս բոլոր զենքերը Իսրայելի ձեռքում են»։
«Եվ Իսրայելը, օրինակ, դրանք օգտագործելով, երեկ երեկոյան, ևս մեկ հարձակում սկսեց Գազայի վրա։ Դուք սա չե՞ք տեսնում Գերմանիայում։ Մի՞թե չեք հետևում, թե ինչ է կատարվում», - ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտնել է Թուրքիայի սպասելիքները Գերմանիայից՝ ԵՄ լիիրավ անդամակցության վերաբերյալ։
«Այսօրվա մեր բանակցությունների ընթացքում, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցերը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։ Մենք նաև արտահայտեցինք մեր սպասումները Եվրամիությանը մեր լիիրավ անդամակցության վերաբերյալ, որը մենք դիտարկում ենք որպես ռազմավարական նպատակ։ Եթե Թուրքիայի վճռականությունն այստեղ պատշաճ կերպով գնահատվի Եվրամիության մակարդակով, մենք վստահ ենք, որ կկարողանանք զգալի առաջընթացի հասնել հնարավորինս կարճ ժամանակահատվածում», - նշել է Թուրքիայի ղեկավարը։
