ՔՊ ցուցակի 100-րդ թեկնածուն կգա ԱԺ, ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

ՔՊ ցուցակի 100-րդ թեկնածուն կգա ԱԺ, ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

Քիչ առաջ ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ վայր է դնում պատգամավորական մանդատը, և դրա պատճառը կիրակի օրվա իր պահվածքն է։ Նա Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը ալկոհոլի ազդեցության տակ սկսել էր հայհոյել լրագրողներին։ 

MediaHub-ը ՔՊ նախընտրական ցուցակից տեղեկացավ, որ Գաբրիելյանի փոխարեն ԱԺ պատգամավորական մանդատը վերցնելու հերթն Արշակ Օրդուխանյանինն է։ 

Նա ցուցակի 100-րդ անդամն է։ Օրդուխանյանը «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։  

Արշակ Օրդուխանյանի անունը շրջանառվեց և առավել հայտնի դարձավ արդեն 2018 թ.-ի  թավշյա իրադարձություններից հետո: Տարածվեցին որոշ տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՔՊ-ի հետ առնչությունների մասին, որոնց բաց նամակով արձագանքեց Արշակ Օրդուխանյանը:

Մամուլում հրապարակված նամակում մասնավորապես նշված էր. «Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյահեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխության հաղթանակին քչերն էին հավատում, և որևէ շահ չեմ հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցությունեմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին»:

Հետագայում նրա անունը հայտնվեց ՔՊ նախընտրական ցուցակներում, իսկ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:

Ի դեպ, Արշակ Օրդուխանյանը շարունակելէ աջակցել և հավատալ հռչակված արժեքներին ու գաղափարներին, նա Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ դեռևս 2023 թ. հուլիսի 31-ին, 1.5 միլիոն դրամով մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:

Նարե Գնունի