Ստրասբուրգ, Փարիզ ու Լոնդոն. ՔՊ-ական պատգամավորների «բախտը բացվեց»

Ստրասբուրգ, Փարիզ ու Լոնդոն. ՔՊ-ական պատգամավորների «բախտը բացվեց»

Գարունն եկավ ու ԱԺ պատգամավորները՝ ՔՊ-ականների մասին է խոսքը, իրար հերթ չտալով մեկնում են գործուղումների:

MediaHub-ն ուսումնասիրեց Ալեն Սիմոնյանը ստորագրած կարգադրությունները՝ պարզելու, թե ով ուր է մեկնելու առաջիկա օրերին: Պարզեցինք, որ Ալեն Սիմոնյանը ևս գործուղում ունի՝ իր համար անփոխարինելի կազմով:

Ամենից շատ այս ամիս ճամփորդելու են ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը: Վարդանյանն ընդհանրապես ամսվա կեսն անցկացնելու է Ֆրանսիայում, մի քանի օր էլ՝ չքնաղ Վենետիկում:

Ճանաչողական այցով մարտի 10-12-ը Լոնդոն են գործուղվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հռիփսիմե Գրիգորյանն ու Արուսյակ Մանավազյանը:

Վենետիկի հանձնաժողովի 142-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 12-16-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Մարտի 12-18-ը Ազգային ժողովի պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը կգործուղվի Մեխիկո՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության կին պատգամավորների առաջին գլոբալ համաժողովի աշխատանքներին:

Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 19-22-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով`

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան, Ալեն Սիմոնյանի համար անփոխարինելի և բոլոր գործուղումների պատվիրակությունների կազմում ընդգրկված խորհրդական Աշխեն Հայրապետյան և աշխատակազմի ևս 6 ներկայացուցիչ: 

Մինչ ՔՊ-ական ընտրյալներին բաժին են հասնում Ստրասբուրգը, Փարիզն ու Լոնդոնը, ճամբարափոխ եղած ու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների թիմում ուրույն տեղը գտած Շիրակ Թորոսյանին ուղարկում են Ղազախստան՝ Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Թորոսյանը Ղազախստանում կգտնվի մարտի 12-14-ը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 23-25-ը Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այսինքն՝ Վարդանյանը Ստրասբուրգից, ուր մեկնելու է Ալեն Սիմոնյանի հետ, միանգամից կուղևորվի Փարիզ՝ վայելելու գարնանային Ֆրանսիան իր ողջ հմայքով:

Արուսյակ Ջուլհակյանի ճակատագիրն էլ նույն կեր դասավորվեց, նա ևս «ստիպված է» գարնան զարթոնքը դիմավորել Ֆրանսիայում՝ նախքան Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության ժամանելը Ստրասբուրգ, նա արդեն այնտեղ է լինելու. մարտի 16-19-ը Ջուլհակյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի, ինչպես նաեւ ԳՐԵԿՈ-ի նիստերի աշխատանքներին: