Արցախը՝ տոտալ շրջափակման մեջ

Արցախը՝ տոտալ շրջափակման մեջ

Ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար, շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ 

Ակնհայտ էր, որ տեղի է ունեցել Եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումը:

Այս անգամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը շատ արագ փաստն արձանագրեց, բայց դրանից իրավիճակն առանձնապես չի փոխվում. ադրբեջանական ստորաբաժանումները չեն վերադարձել ելման դիրքեր:

Երբ անցած օրվա պաշտոնական լրահոսում արձանագրվում է ԼՂ տարածքում ադրբեջանցիների «որոշակի դիրքային առաջխաղացման» մասին, մեր հայրենակիցներից շատերը, թերևս, չեն պատկերացնում տեղի ունեցածի լրջությունը:

Բաքուն իր վերահսկողության տակ է վերցրել Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը՝ ԼՂ-ն ամբողջովին առնելով աքցանի մեջ:

Ադրբեջանն, ըստ էության, տվել է ԼՂ սուբեկտության ամբողջական ոչնչացման գործընթացի մեկնարկը, ու եթե դրան հակազդող դիվանագիտական քայլեր չարվեն, վստահաբար՝ այն ճակատագրական է դառնալու Արցախի համար:

Ալիևը հաշվել է, որ այս պարտիան ևս կարող է «մարսել», բայց արդյո՞ք պաշտոնական Երևանը, որ շարունակ հավաստիացնում էր ԼՂ հարցում «միջազգային մեխանիզմ» ստեղծելու պայմանավորվածության մասին, լուռ հետևելու է գործընթացին, թե՞ դիվանագիտական զինանոցում քայլեր ունի:

Ալիևի քայլն ավելի հեռահար խնդիր է լուծում. նա  հասկացնում է, որ միջազգային որևէ կենտրոն իրեն չի կաշկանդում: Նա սադրանք է իրականացնում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ ավելի խորացնելով հայ- ռուսական հարաբերություններում առկա վստահության ճգնաժամը:

Մյուս կողմից, սադրանքը տեղի է ունենում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ունեցած հեռախոսազրույցներից ժամեր անց, ինչով Ադրբեջանի նախագահը ցինիզմով ցուցադրում է, որ վայելում է նաև Բրյուսելի աջակցությունը:

Արցախի համար ճակատագրական այս պահին լռում է Հայաստանի իշխանությունը՝ ցուցադրելով իր փաստացի չգոյությունը, հայկական պետականության ճգնաժամը:

Վահրամ Բագրատյան