Ի՞նչ եղավ Ռուսաստան լոլիկ արտահանող և արգելքի տակ հայտնված ընկերությունների ճակատագիրը

Ի՞նչ եղավ Ռուսաստան լոլիկ արտահանող և արգելքի տակ հայտնված ընկերությունների ճակատագիրը

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող պտուղ-բանջարեղենի մեջ հերթական անգամ վտանգավոր թունաքիմիկատներ են հայտնաբերվել։ Այս անգամ հայկական ելակն է հայտնվել ռուսների ուշադրության կենտրոնում։ Mash տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ռուսները Հայաստանից ներմուծված ելակի մեջ հայտնաբերել են վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազոլ, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է շատ երկրներում։

Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում։

Թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին ստուգման համար։ 

Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնից MediaHub-ին փոխանցեցին, որ մամուլի հրապարակումներից տեղյակ են, սակայն իրենք որևէ ծանուցում դեռևս չեն ստացել, հենց ծանուցումը լինի՝ ըստ այդմ կարձագանքեն։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ՝ հուլիսին, ռուսական կողմը Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկի մեջ էր նմանատիպ թունաքիամիկատներ հայտնաբերել, որից հետո հայկական 16 արտահանող ընկերության արգելք էր դրել, որ չկարողանան լոլիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ 

ՍԱՏՄ-ն այդ օրերին հաղորդագրություն տարածեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, բանակցում են ռուսական կողմի հետ, որ կարգավորվի խնդիրը։ Այսօր MediaHub-ը հետաքրքրվեց, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը, և ինչ եղավ այդ ընկերությունների ճակատագիրը։

ՍԱՏՄ-ից այս մասով էլ ասացին, որ 16 կազմակերպությունից տասն անհատներ էին։

«Իսկ թե դրանք որտեղից են բերքը հավաքել, որ շուկաներից են վերցրել և այլն, դրանց հետագծելիությունը պարզելը այդքան էլ հնարավոր չէ։ Այն վեց ընկերությունից մեկի արգելքը հանել են ու ճանապարհը բացել, մյուս երեքը կազմակերպություններ են, որոնցից միայն երկուսն են, որ արտադրող կազմակերպություններ են։ Դրանցից մեկինը բացված է, իսկ մյուսի մոտ մեր ստուգումների արդյունքներով որևէ խախտում չի հայտնաբերվել, սակայն ռուսական կողմը դեռ փակ է պահում»,- ասաց ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ բանակցությունները այդ մասով մինչ այս պահը դեռ շարունակվում են։ 

Վահե Մակարյան