Ոչ թե միմյանց դեմ, այլ Փաշինյանին հեռացնելու համար. ընդդիմությունը պետք է պայքարի միասնաբար

Ոչ թե միմյանց դեմ, այլ Փաշինյանին հեռացնելու համար. ընդդիմությունը պետք է պայքարի միասնաբար

Տավուշում հօգուտ Ադրբեջանի տարածքային զիջումների դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Տեղի բնակիչները փակել են Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհն ու դեմ են արտահայտվում Փաշինյանի և թիմի առաջ քաշած ծրագրին: Այսպես կոչված սահմանազատման արդյունքում՝անկլավները Բաքվին տրամադրելու պարագայում Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղեր դատարկվելու են, իսկ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, գազամուղն ու Հայաստան-Վրաստան երկաթգիծը հայտնվելու են ադրբեջանական զորքերի խոցման տիրույթում: Այս մասին գրում է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքի հոդվածագիրը:

Տավուշում բողոքի ցույցերին ակտիվ մասնակցություն է ունեցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Հասկանալի է, որ Սրբազանն այդ ակցիան իրականացրել է Մայր Աթոռի թույլտվությամբ: Հայ Առաքելական եկեղեցին բազմաթիվ անգամ դեմ է արտահայտվել Փաշինյանի վարած ադրբեջանամետ քաղաքականությանը՝ թե Արցախի հարցում, թե այսօր Տավուշում տարածքային զիջումների հարցում: Տավուշում բողոքի ակցիաներին իրենց աջակցություն են ցուցաբերել նաև խորհրդարանական ընդդիմության անդամները, որոնք կանգնել են բնակիչների կողքին:

Տավուշում ակցիաները շարունակվում են, սակայն գործող իշխանություններն իրականացնում են ականազերծման աշխատանքներ՝այսինքն, անտեսվում է տավուշցիների կարծիքը: Փաշինյանն ամեն գնով կյանքի է կոչում Տավուշի այդ հատվածում սահմանազատումը՝ զիջումները հօգուտ Բաքվի: Իրավիճակը Տավուշում կշարունակի մնալ լարված՝եթե սահմանամերձ գյուղի բնակիչներին միանան նաև Տավուշի այլ քաղաքների և գյուղերի բնակիչներ ու ակցիաները դառնան ավելի մասայական և մարդաշատ՝դա լուրջ խնդիրներ կառաջացնի Փաշինյանի համար: Նա կամ պետք է բիրտ ուժ կիրառի և ցրի ցույցերը Տավուշում, սակայն դա իր հերթին առաջացնելու է էլ ավելի մեծ դիմադրություն ու կարող է հանգեցնել ողջ Հայաստանում հեղափոխական տրամադրությունների: Տավուշում ակցիաները «լակմուսի թուղթ» էին՝ ՀՀ քաղաքացիների կողքին կանգնած է ընդդիմությունն ու Հայ Առաքելական եկեղեցին: Փաշինյանը հենվում է ոստիկանական ուժերի և ՔՊ-ական պաշտոնյաների՝մարզպետ և այլ բյուրոկրատների վրա:

Հայաստանում իշխանափոխության կոչերը շատանում են և հակափաշինյանական դիմադրության օջախները նույնպես: Ապրիլի 24-ին Ազգային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքին հաջորդած երթից հետո բողոքի ցույցի 96 մասնակից բերվել է ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Բևեռի ցույցը ցրվել է ոստիկանության կոշտ մեթոդներով՝ բիրտ ուժի կիրառմամբ: Դա ցույց է տալիս Փաշինյանի և թիմի մոտ խուճապային տրամադրությունները՝նրանք հասկանում են, որ ՀՀ-ում սկսվում է ապակենտրոնացած՝ ցանցային պայքար Փաշինյանի և նրա վարած ադրբեջանամետ քաղաքականության դեմ՝ Տավուշը դիմադրության մեկ օջախ է, Երևանում՝ Բևեռի և այլ ընդդիմադիրների ակցիաները՝երկրորդ ճակատը:

Բևեռը շարունակելու է ակցիաների իրականացումն, իսկ իր մասնակիցների դեմ ուժի կիրառումը լավ PR էր այդ քաղաքական ուժի համար՝թե ներսի լսարանի, թե Արևմուտքի համար: Նրանք ցույց տվեցին Արևմուտքին, որ Փաշինյանը ժողովրդավարական ճանապարհով չի տանում ՀՀ-ն՝ոստիկանության վրա հենվելով ցանկանում է ճնշել բոլոր ընդդիմադիր օջախները: Բևեռն իհարկե քննադատում է Փաշինյանին, սակայն նրանք դաշնակից չեն նաև խորհրդարանական ընդդիմությանը, որոնց համարում են ՌԴ-ի դաշնակիցն ու անգամ «Կրեմլի ագենտները»:

Սակայն Փաշինյանին հեռացնելը կարող է դառնալ այն հիմքը, որի շուրջ բոլոր ընդդիմադիր շարժումները կմիավորվեն՝մի կողմ թողնելով ռուսամետ կամ արևմտամետ դիրքորոշումները: Եթե խորհրդարանական ընդդիմությունն ու ԱԺԲ-ն գան լուռ համաձայնության, որ չպետք է պայքարեն միմյանց դեմ, այլ պետք է միավորեն պայքարը Փաշինյանին հեռացնելու համար, ապա դա լուրջ ներքաղաքական փոփոխությունների կհանգեցնի: Տեղի կունենա խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միավորում մեկ նպատակի շուրջ՝ Փաշինյանի հեռացում:

Դրան զուգահեռ, ակտիվացել է նաև «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝միանալով Փաշինյանին հեռացնելու պայքարին: Կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին ժամը 16:00-ին «Համահայկական ճակատ» կուսակցությունը, սկսում է անհնազանդության ակցիաներ ամբողջ Հայաստանի տարածքով:

«Համահայկական ճակատ» կուսակցության անդամներն անհնազանդության ակցիաներ են իրականացրել մայրաքաղաքում։ Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով` բերման է ենթարկել ակցիաների մասնակիցներին։ Բերման ենթարկվածներին տարել են ոստիկանության Շենգավիթ բաժանմունք։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը փորձում է սեփական ուժերը՝առաջին անգամ մասնակցելով փողոցային ակցիաներին: Ներքաղաքական պայքարում այդ կուսակցությունը զբաղեցնում է ընդդիմադիր և հակափաշինյանական ճամբարը, սակայն ցանկանում է դառնալ երրորդ ուժ, որը կապ չի ունենա ոչ նախկինների հետ, ոչ ՔՊ-ական կամ ԱԺԲ-ի: Փաշինյանին հեռացնելն այդ ուժի գերնպատակն է և քաղաքական հիմնական կոչը:

ՀՀ-ում ընդդիմությունն ունի տարբեր արտաքին քաղաքական վեկտորներ, սակայն իշխանափոխության հասնելու համար պետք է միավորվեն՝Փաշինյանին ձեռնտու է, որ ընդդիմությունն ակցիաներ իրականացնի առանձին-առանձին, այդպես ոստիկանությանը հեշտ է լինելու նրանց ցրել և բերման ենթարկել:

Միասնական ճակատով հանդես գալու համար պետք է գոնե ժամանակավորապես մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները՝հասնել իշխանափոխության, ինչից հետո մրցակցային պայքարում փորձել մաս կազմել նոր իշխանության:

Փաշինյանին հեռացնելու ակցիաներն ու ընդդիմության գործողությունները շատանալու են, սակայն պետք է գիտակցել, որ Փաշինյանը հեռանալու է, եթե այդ շարժումը կրի համազգային բնույթ՝համաժողովրդական, երբ փողոցներ են փակվում ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում, ինչպես դա տեղի էր ունենում 2018թ.-ին: Անհրաժեշտ է գիտակցել, որ Փաշինյանին արտաքին ուժերն ընկալում են, որպես լեգիտիմ ընտրված ղեկավար՝նա ունի մեծամասնություն ԱԺ-ում, նա կյանքի է կոչում խաղաղության գործընթաց, որն ողջունում են թե Արևմուտքում, թե ՌԴ-ում: Արտաքին քաղաքական լուրջ ուժերը չեն ցանկանում այս պահին հեռացնել Փաշինյանին, քանի որ նրա վարած քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի հարցում ձեռնտու է բոլորին, իսկ հակառուսական քաղաքականությունը ձեռնտու է նաև Արևմուտքին:

ՔՊ-ն տիրապետում է վարչական լծակներին, ոստիկանությունը հավատարիմ է Փաշինյանին՝նրանք ստանում են բարձր աշխատավարձ և ոստիկանությունը գլխավորում է Փաշինյանի ընկերը: Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառելու այնքան ժամանակ, քանի դեռ ունի ռեսուրսներ՝եթե ընդդիմությունը կարողանա տասնյակ հազարավոր մարդկանց հանել փողոցներ, այդ ժամանակ ոստիկանության գործողությունները չեն լինի բիրտ և նրանց մի մասը կարող է հրաժարվել ուժ կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ:

Փաշինյանն իր կամքով չի հեռանալու՝ Արցախի կորուստն ու այլ բազմաթիվ հարցեր նրա համար շատ վտանգավոր են՝ՔՊ-ականները նույնպես մինչև վերջ պայքարելու են իշխանության ու իշխանության տված բարիքներից չհրաժարվելու համար: Փաշինյանը կարող է արտակարգ դրություն մտցնել երկրում՝արգելելով ցանկացած բողոքի ակցիաներ կամ Ադրբեջանը կարող է «օգնել» Փաշինյանին՝ ռազմական գործողություններ սկսել սահմանի տարբեր հատվածներում, այդ կերպ «մեսիջ» հղելով ՀՀ քաղաքացիներին, որ Փաշինյանի հեռացման պարագայում Բաքուն պատերազմ է հայտարարելու ՀՀ-ին: