Այսօր արցախցիներն Արցախում են հենց ռուս խաղաղապահների շնորհիվ, այդ պատճառով էլ խաղաապահների մանդատը պետք է երկարաձգվի, թե չէ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ ոչինչ հաշվի չի առնում: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե խաղաղապահներն այնտեղ չլինեին ու չսաստեին։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սոչիում եռակողմ հանդիպմանն առաջարկել է ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել, որը չի ընդունվել։
«Արցախին ամեն կերպ թուլացնել են ուզում, բայց վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ դա հեշտ չի տրվելու իրենց։ Ադրբեջանական մամուլը գրեց, թե այդքան մարդ էր հավաքվել հանրահավաքին, քանի որ գումար էր բաժանվել, սակայն նման բան չի եղել, մարդիկ ինքնակամ ոտքի են կանգնել, հենց մեկը Ալիևին ապացուցելու, որ այստեղ ոչինչ անել չի կարող»,-ասաց նա։
Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքների մասին՝ Սարգսյանն ընդգծեց, որ դա անարդյունք աշխատանք է։ «Դիտորդները կգան-կգնան, բայց ոչ մի արդյունք չեն տալու, կարձանագրեն՝ կրակոց կա, թե չէ ու վերջ, բայց առանց խաղաղապահների այստեղ հնարավոր չէ», - շեշտեց նա։
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ օկուպացված Շուշիի քաղաքապետը նշեց, որ հնարավոր չէ խաղաղության լեզվով խոսել մեկի հետ, որն օր-օրի նոր ահաբեկչական ծրագրերով է ներկայանում և դրանք իրագործում։
«Դրանք ուզում են Արցախը լրիվ հայաթափված տեսնեն, Նախիջևանի օրը գցեն։ Հիմա կարևոր դիրքերն իրենց ձեռքում է, ինչ ուզեն՝ կանեն, բայց գոնե ռուսներն այնտեղ են, զսպող հանգամանք կա, վեճերը հարթում են։ Հիմա ամեն ճանապարհ, որով անցնում ես՝ գլխավերևումդ ադրբեջանցիներ են կանգնած, վերևից քար էլ կարող են գլորել, ճանապարհ փակել, կրակել։ Պիտի գոնե մի անգամ դրանց մռութը ջարդվի, որ հասկանան՝ ինչ են անում։ Սա այն բանակն է, որ մեր ստվերից վախենում էր, փախնում էին, հետ էլ չէին նայում»,-շեշտեց Սարգսյանը։
Ստեղծված խնդրի լուծումը Սարգսյանը տեսնում է Փաշինյանի վճռական և հետևողական աշխատանքի պարագայում։ «Պիտի նա ամեն ինչ անի, որ խաղաղապահները մնան Արցախում, Ալիևը, երբ բռունցք է բարձրացնում, ինքն էլ պիտի բարձրացնի: Պետք է ամրանանք, զինված լինենք ու դրանց պատասխանը տանք։ Նույն վախկոտ ազգն են դրանք, շատ աշխատելու դեպքում ջարդելով հետ կպշրտենք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լիաննա Թորոսյան