ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում

ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է․

Հաշվի առնելով Պռոշյան համայնքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված շենք-շինությունների հետ կապված իրավիճակը՝ ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալ տեղեկությունները.

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրացվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ ԱՏԳ կենտրոն կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարարությունը սկսելու նպատակով:

Նշված շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ, թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո․ ավելին ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար աշխատանքներ են իրականացվել ապօրինի զբաղեցված տարածքը ազատելուհամար:

Մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 6-ին ՊԵԿ-ի կողմից ստորագրված գույքի հանձնման-ընդունման ակտում արձանագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացված ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքները, շինությունների արտաքին և ներքին վիճակը: Ուսումնասիրությունների ընթացքում շինության տարածքում նկատվել է մինչև 10 անձ, որոնց հետ ոստիկանության ներկայացուցիչները տարել են բացատրական աշխատանքներ` նրանց կողմից վայրը լքելու անհրաժեշտության վերաբերյալ:

2022 թվականի տարեվերջին տարածքում, սակայն, բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ-ն անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին:

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ տարածքում կատարվել են տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, հիշյալ շենք-շինությունները 3-րդ աստիճանի վթարային են: Ավելին, տարիների ընթացքում շենքերի գույքը, ներառյալ` դուռ-պատուհանները գողացվել են և այնտեղ բնակվելը կարող է վտանագավոր լինել անձանց կյանքի և առողջության համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ հասցեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրաէներգիայի բաժանորդ դեռևս չի հանդիսանում, հետևաբար՝ էլեկտրամատակարարման միացման կամ անջատման հետ կապված որևէ գործողություն չէր կարող իրականացնել և չի իրականացրել: 

Ավելի վաղ  MediaHub.am-ի հետ զրույցում  Պռոշյանի ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը ասել էր, որ իրենց անգամ ՊԵԿ-ից «կաշառք են առաջարկել», որ ինչ-որ գումարի դիմաց իրենք դուրս գան տներից։