Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կլինիկայից վերադարձվել է բանտ՝ առողջական վիճակի բարելավման պատճառով։ «Գրուզիա օնլայն» -ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի ֆինանսների նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Քանի որ դատապարտված կալանավոր Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, և նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, նա դուրս է գրվել քաղաքացիական հատվածի կլինիկայից և վերադարձվել է թիվ 12 քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա կշարունակի կրել իր պատիժը սովորական ռեժիմով»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ քրեակատարողական ծառայության՝ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ ստացիոնար բժշկական օգնություն ստանալու համար։
Վրաստանի օրենսդրության համաձայն, հիվանդի քաղաքացիական հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ վերադարձը որոշում է բուժող բժիշկը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Սաակաշվիլին կլինիկա է ընդունվել 2022 թվականի մայիսին՝ բանտում երկարատև հացադուլի հետևանքների պատճառով։
Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել հինգ քրեական գործով, որոնցից երկուսի հիմքով նախկին նախագահը հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Մարտի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ինը տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման համար։ Մարտյան դատավճռից հետո Սաակաշվիլին պետք է կրի իր պատիժը մինչև 2030 թվականը։
Թբիլիսիի քաղաքային դատարանն այժմ քննում է նրա դեմ երկու գործ՝ մեկը՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ին բողոքի ցույցը ցրելու, իսկ մյուսը՝ սահմանն անօրինական կերպով հատելու համար։
