Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն ընտիր մետաղադրամ կլիներ, եթե ցավալիորեն մարդ ծնված չլիներ։ Նա կարողանում է վարպետորեն ընդունել մետաղադրամին հատուկ երեսներն ու նույնիսկ օլոմբա կանգնել։
Օրինակ՝ եթե ղուշ-գիր խաղալուց Փաշինյանին նետեին օդ ու Ալիևը մտքում պահեր ղուշ, ապա միանշանակ կհաղթեր։ Ադրբեջանի հետ բոլոր՝ թե՛ ուղիղ, թե՛ Թուրքիայի կողմից միջնորդավորված քննարկումներում, յուրաքանչյուր պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հանդես է գալիս բացառապես աղավնու կարգավիճակով։ Չկա որևէ հակադարձում Ալիևի ագրեսիվ ու պահանջատիրական հռետորաբանությանը, չկա որևէ դիրքորոշում, որը կարող է առաջացնել ադրբեջանական կողմի թեկուզ աննշան դժգոհությունը։ Գոյություն ունի միայն ամեն գնով խաղաղության մուրում ու անասնական վախ՝ հնարավոր քիչ թե շատ էսկալացիայի հանդեպ։
Սակայն որքան նա հնազանդ է արտաքին հարաբերություններում, ճիշտ այդքան ագրեսիվ ու անհանդուրժող է ներհանրային կյանքում, նման այն տղամարդուն, որը տնից դուրս կերած յուրաքանչյուր ծեծը կոմպեսացնում է ընտանիքի անդամներին ապտակելով։ Որպես մետաղադրամ, նա Հայաստանի ներսում ղշի միանգամայն հակապատկերն է, մյուս երեսը։ Ընդ որում, իր ագրեսիան տարածվում է բոլոր ասպեկտներով՝ սկսած ընդդիմադիրների հանդեպ ռեպրեսիաներից, վերջացրած Հայ Առաքելական Եկեղեցու ու ազգային արժեքների նկատմամբ սանձազերծած հարձակումով։
Բայց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ցույց տվեց, որ ի վիճակի է նաև օլոմբա կանգնել։ Անդրադառնալով իր ֆեյսբուքյան գռեհիկ գրառումներին, Փաշինյանը նախ կոչ արեց վերջ տալ հայհոյախոսությանը, ապա բոլորին խորհուրդ տվեց իր հետ չչափվել ու չբանալ Պանդորայի արկղը. «Ես 5 ՔԿՀ-ներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ, էդ բառապաշարով թող ոչ մեկ չփորձի մրցել ինձ հետ»,- հայտարարեց նա։
Նախ՝ հայհոյախոսության հիմնադիրը հենց ինքն է։ Մինչ այս պետական բարձր մակարդակով դեռևս որևէ մեկը նման լկտի բառապաշարով հանրային ու քաղաքական դիսկուրս չէր ծավալել։ Վիրավորանքներ եղել են, տարբեր որակումներ եղել են, պիտակավորումներ եղել են, հայհոյանք՝ երբեք։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը հայհոյանքը օրինականացրեց։
Երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներից ոչ ոք, իրեն հարգող ու քաղաքական կշիռ ունեցող գործիչներից ոչ ոք, դաստիարակություն ու ինտելեկտ ունեցող որևէ մարդ բնականաբար իրեն թույլ չի տա իջնել Նիկոլ Փաշինյանի մակարդակին ու նրա հետ մրցել իր իսկ բառապաշարով։
Եվ երրորդը՝ իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն իրոք օլոմբա կանգնեց։ Վերջապես ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. մարդ, որը հայտ է ներկայացրել կրթել ուրիշներին, թե՞ մի փողոցային, որն իր միտքն արտահայտում է հայհոյանքներով։ Նա երկրի վարչապետն է, թե՞ «քրեական ենթամշակույթի» կրող, որը հպարտանում է իր բանտային կյանքով ու բառապաշարով։ Հասուն տարիքի տղամարդ է, թե՞ ինքնահաստատման փուլում գտնվող երիտասարդ, մտավորակա՞ն է, թե՞ գողական, «լավ տղա՞» է, թե՞ «միլիցա», թե՞, այնուամենայնիվ, իրավիճակներով առաջնորդվող պատեհապաշտի մեկն է, որն ունակ է միաժամանակ թե՛ հայհոյել, թե՛ մեջբերումներ անել սաղմոսներից։
Հուսանք մինչև հաջորդ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանը վերջնականապես կգտնի իրեն ու ելույթ կունենա գոնե արտաքնապես կողմնորոշվածի դիրքերից։
Կարեն Կարապետյան