Այս տարի նավթը կարող է թանկանել՝ հասնելով մինչեւ 250 դոլարի

Այս տարի նավթը կարող է թանկանել՝ հասնելով մինչեւ 250 դոլարի

Առաջատար թրեյդերները զգուշացնում են, որ այս տարի նավթը կարող է թանկանել՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 250 դոլարի։ Պատճառը համաշխարհային էներգետիկ շուկաներում ուկրաինական ճգնաժամի հետեւանքով քաոսն է, նշել են թրեյդերները։

Ինչպես գրում է Financial Times-ը, էներգետիկ շուկայում հայտնի գործիչներ Պիեռ Անդյուրանը եւ Դուգ Քինգը կանխատեսել են, որ շուկան կտուժի պատերազմի հարուցած շոկից։

«Մի քանի ամսից մենք չենք վերադառնա բնականոն գործունեությանը»,- ասել է Անդյուրանը՝ էներգետիկայի ոլորտում մասնագիտացված հեջ-ֆոնդի ղեկավարը։ Նա կանխատեսել է, որ 2022թ․ նավթը կարող է հասնել բարելի դիմաց մինչեւ 250 դոլարի։

Քինգը՝ Merchant Commodity Fund RCMA-ի ղեկավարը, կարծում է, որ նավթն այս տարի կբարձրանա մինչեւ 200-250 դոլար մեկ բարելի դիմաց: «Սա ժամանակավոր երեւույթ չէ։ Դա կլինի հում նավթի մատակարարման շոկ»,- ասել է նա:

Ռուսաստանն աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն է, որն արդյունահանում է աշխարհում ամեն օր սպառվող նավթի մոտ 10 տոկոսը։ 

Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ Ուկրաինայի հակամարտությունը եւ դրա հետ կապված պատժամիջոցները կարող են նվազեցնել նավթի արդյունահանումը օրական մինչեւ 3 միլիոն բարելով։ ՄԷԳ-ի տվյալներով՝ աշխարհն օրական սպառում է մոտ 100 միլիոն բարել։

Սակայն ներկայիս պայմաններում կանխատեսումներ անելը շատ դժվար է, իսկ կանխատեսումները խիստ տարբեր են։

Morgan Stanley-ի հումքային ապրանքների գծով գլխավոր ստրատեգ Մարթեյն Ռաթսը կարծում է, որ Ռուսաստանում արդյունահանումը կնվազի օրական մոտ 1 միլիոն բարելով:

Նրա խոսքով՝ երրորդ եռամսյակում նավթը կթանկանա՝ մինչեւ 120 դոլար մեկ բարելի դիմաց եւ մոտ 100 դոլար մեկ բարելի դիմաց առաջիկա 18 ամիսների ընթացքում: