Ցանկանում եմ պատմել քաղբանտարկյալներից մի քանիսի մասին․ Քրիստինե Վարդանյան

Ցանկանում եմ պատմել քաղբանտարկյալներից մի քանիսի մասին․ Քրիստինե Վարդանյան

Քաղբանտարկյալ Գոռ Մաթևոսյանը 2021 թ․ կամավոր դուրս է եկել իր աշխատանքից և Արաբկիրից տեղափոխվել ապրելու Կապան քաղաք, որ Սյունիքի երիտասարդների համար ռազմավարական ծրագրեր կարողանանք իրականացնել Դաշնակցության երիտասարդականով։ Գոռը Ապրիլյան և Քառասանչորսօրյա պատերազմների մասնակից է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արսեն Մարտոյանն իմ ճանաչած ամենահամեստ ու զուսպ մարդկանցից է։ Արսենը Պատանեկան միության վարիչ մարմնի անդամ է՝ Հայաստանով մեկ 12-16 տարեկան պատանիրների ազգային դաստիարակությամբ զբաղվող պատանեկան միության։ Արսենը վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել։ Բժիշկը, երբ տեսել էր մարմնի միջով անցած գնդակի հետագիծը, ասել էր, որ Արսենի փրկվելը բացի հրաշքից որևէ բանով բացատրելի չէ։

Գոռ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում 2019 թ․, երբ մենք սկսեցինք տխրահռչակ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերը։ Իրեն՝ բացառապես ցույցերին մասնակցելու համար հեռացրեցին աշխատանքից։ Գոռն էլ, մյուս տղաների նման Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից է՝ մի քանի անգամ հրաշքով փրկված։

Գևորգ Մուրադյանը պռոշյանցի լեգենդար ազտամարտիկ, Պետոյի և Կարոտի անբաժան ընկեր, 2013 թ․ դավադրաբար սպանված Հրաչ Մուրադյանի որդին է։ 2021 թ․ ընտրվել է Նաիրի խոշորացված համայնքի ավագանի։ Գևորգին հիշում եմ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ ջղայն վիճում էր Արցախ մեկնողների ցանկերի պատասխանատուների հետ։ Ընտանիքից երկու տղամարդ ճակատ տանել չէր կարելի (չնայած այս կանոնի խախտման դեպքեր էլ եղան մեր մոտ), իսկ իրենց ընտանիքից Վիգեն Մուրադյանն արդեն գնում էր։ Վիգենը հետո նահատակվեց Վարագաթաղի բարձունքը պաշտպանելիս։

Տարոն Մանուկյանը 1990-ականներին նույնանման քաղաքական հետապնդման ենթարկված, բանտում տևական ժամանակ անազատության մեջ անցկացրած ընկեր Գեղամ Մանուկյան-ի որդին է։ Բանտից իր գրած կոչում Տարոնն ասում էր․ «որտեղ էլ, որ լինենք, ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…»։ Ու ոչինչ այս տողերից ավելի լավ չի նկարագրում Տարոնին։

Հիմա այս մարդիկ անազատության մեջ են։ Հիմա այս մարդկանցից ուզում են պապիկ ծեծողներ ստանալ։ Ամբողջ կյանքը արժանապատվություն ու հայրենիք պաշտպանողներից ուզում են մարդկանց վրա հարձակվողների կերպարներ ստանալ։

Ես իրենց համար շատ չեմ անհանգստանում․ իրենք մահվան աչքերի մեջ նայած, մահը հաղթած մարդիկ են, չեմ կարծում սա չհաղթահարեն։ Բայց այ մեր համար շատ անհանգիստ եմ։

Մեզնից խլում են մեր հերոսներին, արգելում Մոնթեի նկարները սոցցանցերում հրապարակել, վարկաբեկում են բոլորին, ովքեր կարող են ճգնաժամերի ժամանակ հույսի ճրագ վառել ու մենք դառնում ենք այս ամենի լուռ հետևորդը։

Ես երբեք չեմ արդարացնի անգամ իմ ամենամոտ ու հարազատ մարդուն, ով մեղանչել է օրենքի առջև։ Հայաստանում օրինականությունն ու օրենքի առջև հավասարությունը այլընտրանք չեն կարող ունենալ։ Բայց հիմա իրականացվողը օրինականություն չէ, պարզագույն հետապնդում է, որը թակելու է բոլորիս դուռը։ Տղաների փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Ես չեմ ուզում խոսել միայն այն ժամանակ, երբ աղետն անձամբ իմ դուռը կթակի, որովհետև այդ ժամանակ արդեն կարող է արդեն էլ օգնության հասնողներ չլինեն։

Քաղբանտարկյալների ամբողջական ցանկը.

1. Արամայիս Մխիթարյանը

2. Ազատ Մուրադյանը

3. Ալեքսան Ալեքսանյանը

4. Գոռ Սարգսյանը

5. Գոռ Մաթևոսյանը

6. Տարոն Մանուկյանը

7. Արսեն Մարտոյանը

8. Գերասիմ Վարդանյանը

9. Դավիթ Ավագյանը

10. Ավետիք Չալաբյանը

11. Գևորգ Մուրադյան

Ավելի վաղ ազատությունից զրկվել են

12. Նարեկ Մանթաշյան

13. Արամ Գասպարյան

14. Մամիկոն Ասլանյան

15. Արա Մկրտչյան

16. Հարություն Մանուչարյան