Քաղաքապետարանում գտնվել է Արմեն Սարգսյանի հետնորդը

Քաղաքապետարանում գտնվել է Արմեն Սարգսյանի հետնորդը

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց՝ մամուլից իմացել է, որ քաղաքապետարանը միլիոններ է բաժանում։

Նիստի ընթացքում նա Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ ՇՕ շենքի կտուրի հարցը։

«Ընթացքում է»,- արձագանքեց Ստեփանյանը։

Հրաչյա Սրագսյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր կա, եթե մրցույթը եղել է, արդեն պետք է շինարարությունը սկսվեր, հատկապես, որ նախագիծը հաստատված է։

«Նախագիծը պատվիրված է, ոնց որ գումար ենք հաստատել։ Մամուլից իմացա, որ միլիոններ են բաժանում, բացեցի, տեսա, որ ՇՕ-ին 18 մլն դրամ ենք տվել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Նրան էլ զեկուցվեց, որ նախագիծը պատրաստ է, և այժմ մրցույթի է ուղարկվել։

Այն, որ քաղաքային բյուջեից 18 մլն դրամ է հատկացվում ՇՕ-ին, իսկ դրա մասին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մամուլից է տեղեկանում, դեժավյու է առաջացնում։ Նրա ազգանվանակիցը՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն էլ էր երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին մամուլից տեղեկանում։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին նախագահի  պաշտոնական հաղորդագրությունում նշված էր․

«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին»։

Փաստացի, հանրության մի մասի համար ոչ այդքան ողջունելի, շատերի համար էլ, գուցեև, ընդունելի ավանդույթները շարունակվում են։

Նարե Գնունի