Մեզ համար ՌԴ-ն առաջնային շուկա է, բայց չենք օգտվում․ էկոնոմիկայի նախարարության «չտրամաբանությունը»

Մեզ համար ՌԴ-ն առաջնային շուկա է, բայց չենք օգտվում․ էկոնոմիկայի նախարարության «չտրամաբանությունը»

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է MITT տուրիստական ցուցահանդեսը։ 

28 տարի է, ինչ ամռանն ընդառաջ անցկացվում է նման ցուցահանդես, որին մասնակցում են հզոր տնտեսություն ունեցող բազմաթիվ պետություններ։ ԵԱՏՄ անդամ պետությունները ևս, սովորաբար, իրենց մասնակցությունն ունեն այս միջոցառմանը։

Տուրիստական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են նաև Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Բելառուսը, Ղազախստանը, իսկ ահա Հայաստանը՝ ոչ։ 

Ինչո՞ւ։ 

MediaHub.am-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Թեև, համաձայնեք, նման հարց անգամ չպիտի առաջանար՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները, համագործակցությունը, ի վերջո՝ ռազմավարական դաշնակից լինելը:
Ի պատասխան մեր հարցի, նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն մշակում և իրականացնում է տարբեր մարքեթինգային ռազմավարություններ, որոնք օգտագործվում են Հայաստանը տարբեր շուկաներում ճանաչելի դարձնելու և առաջխաղացման համար: 

«Այս տարվա համար մշակված ռուսական շուկայի հետ աշխատանքի ռազմավարության շրջանականերում մենք համագործակցելու ենք պարբերականների հետ, իրականացնելու ենք թվային հարթակներում գովազդ, այդ թվում ավիաուղիների հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև կազմակերպելու ենք ճանաչողական այցեր ռուսական շուկային Հայաստանը ներկայացնելու նպատակով: Իհարկե, Ռուսաստանը մեզ համար առաջնային շուկա է, այդ իսկ պատճառով մենք այս տարի ներդրումներ ենք կատարել շուկայի հետազոտմանն ուղղված խոշոր նախագծում, որը մեզ հնարավորություն կտա ստանալ լիարժեք տեղեկատվություն Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների պրոֆիլի մասին: Հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի ռուսական շուկայի համար առավել ճիշտ մարքեթինգային ռազմավարություն ընտրելու համար, որը 2024 թվականից շարունակական կերպով կիրականացվի` Ռուսաստանում Հայաստանն ու նրա զբոսաշրջային ներուժն առավել ճանաչելի դարձնելու նպատակով»,- ասված է նախարարության պատասխանում: 

Եվս մեկ անգամ նշենք՝ ավելի քան 28 տարի MITT զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը հանդիսանում է առաջատար բիզնես հարթակ, որտեղ համաշխարհային շուկայի առաջնորդները հանդիպում և ցուցադրում են նոր ապրանքներ՝ ամառային տուրիստական սեզոնի բացման նախաշեմին։ Նախարարության պրոտոկոլային պատասխանից այդպես էլ հասկանալի չէ Հայաստանի ցուցահանդեսին չմասնակցելու տրամաբանությունը: Մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը ցուցահանդեսին ներկայացված են բավականին մեծ ու բազմազան տաղավարներով...

Նարե Գնունի