Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օդանավակայանում ահազանգ է ստացվել երեք ռումբի մասին

Blog Image

Թայվանի մայրաքաղաք Թայբեյի օդանավակայանը 3 ռումբի առկայության մասին սպառնալիք է ստացել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցի ֆոնին. այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Huanqiu shibao» թերթին։

Օդանավակայանի ղեկավարության ստացած սպառնալից նամակում ասվում է, որ օդանավակայանում երեք պայթուցիկ սարք է տեղադրվել, որպեսզի Փելոսիին թույլ չտան Թայվան այցելել։ Օդանավակայանի աշխատակիցները տեղյակ են պահել անվտանգության ծառայությանը, տրանսպորտի նախարարությանը, քաղաքացիական ավիացիայի վարչությանը և ոստիկանությանը։

Այս պահին իրավապահ մարմինները պարզաբանում են, թե ով է ուղարկել նամակը։ Հրատարակության տվյալներով՝ օդանավակայանից տարհանման մասին չի հայտարարվել, սակայն աշխատակիցներին հորդորել են զգոն լինել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թայվանի ռազմաօդային ուժերը լրացուցիչ ութ ֆրանսիական Mirage-2000 կործանիչներ են տեղակայել կղզու հարավ-արևելքում գտնվող ռազմաբազայում։ Սպասվում է, որ Փելոսին կղզի կուղևորվի օգոստոսի 2-ի երեկոյան՝ վեց հոգուց բաղկացած պատվիրակության կազմում։

Send