Ինչո՞ւ հրազեն, այլ ոչ «ճանապարհային ոզնի»․ պարեկները խայտառակվել են

Ինչո՞ւ հրազեն, այլ ոչ «ճանապարհային ոզնի»․ պարեկները խայտառակվել են

MediaHub-ը երեկ հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մասնակցում էին այս ուրբաթ Երեւանի կենտրոնում առերեւույթ խուլիգանական վարք դրսեւորած «Համերի» վարորդին կանգնեցնելու աղմկահարույց «օպերացիային»։

ՀՀ քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնում են, որ նախաքննական մարմնում այս պահին քննությունն է իրականացվում միայն վարորդի մասով, որը երեկ երեկոյան կալանավորվեց, իսկ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը կարող է դառնալ քննության առարկա՝ առերեւույթ հանցավոր արարքների վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու, կամ այդ մասին պատշաճ կերպով հանցագործության մասին հաղորդում ստանալու պարագայում։

Ինչո՞ւ տեխնիկական հագեցվածությամբ ու սպառազինությամբ Երեւանի գնդի պարեկները «Համերի» անիվները ծակելու համար չկիրառեցին պարեկային մեքենաներին կցված «ճանապարհային ոզնին», այլ մեքենան փորձեցին կանգնեցնել՝ կրակահերթի միջոցով, այն էլ Հանրապետության հրապարակում, բանուկ հատվածում։ 

Իրավապաշտպան, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը MediaHub-ի հետ զրույցում շեշտում է՝ պարեկային ծառայողները հանրային վայրում կրակելու իրավունք չունեին։ 

«Այս դեպքն իրենց գործին լավատեղյակների համար էր, պարեկները ձախողել են։ Որեւէ ուժային կառույցի նեկայացուցիչ իրավունք չունի կրակել այնպիսի վայրում, որտեղ վտանգն այլոց վնասելու մեծ է»,-ասաց նա։ 

Նիկոլ Փաշինյանի օրոք ստեղծված պարեկային ծառայության աշխատանքն Ալավերդյանը գնահատում է ոչ պրոֆեսիոնալ.

«Այլ դեպքերով էլ կարելի է դա ապացուցել։ Չգիտես ինչու իշխանությունները միշտ բարձր են գնահատում նրանց աշխատանքը, դա սովորություն է՝ ինչ իրենք են անում, գովում են։ Լավ է, վատ է, ասում են՝ լավ է, որովհետեւ իրենք են արել»,-ասաց իրավապաշտպանը:

Ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանապետի նախկին տեղակալ, քննչական գլխավոր վարչության նախկին պետ Գագիկ Համբարձումյանն էլ ոչ իրավաչափ է գնահատում պարեկների գործողությունները։

«Իրավաչափ չէր հանրային վայրում կրակահերթ բացելը։ Հրազենը նման կերպ չի կարելի կիրառել»,-ասաց նա։ 

Դիտարկել է տեսագրությունները, վստահ է՝ պարեկներն այլ տարբերակ ունեցել են, եթե ունենային գիտելիք, հմտություն, փորձ՝ կարող էին դեմն առնել։ 

«Ստեղծել էին անճար վիճակ։ Խայտառակություն էր ոստիկանության համար, ընդ որում ոչ միայն պարեկների անկարողությունը, այլեւ Երեւանում նման միջադեպը։ Որքան գիտեմ, այդ այլանդակը այս իշխանության կադրերից է, ընտանիքով Հայ առաքելական եկեղեցու դեմ են»,-հավելեց նա՝ ընդգծելով՝ այս պատկերը՝ երկրում ստեղծված ամենաթողության հետեւանքն է։ 

Նշենք, որ պարեկները մոտ 40 րոպե չէին կարողանում կանգնեցնել թմրադեղի ազդեցության տակ գնտվող 25-ամյա Գեղամ Սահրադյանին, որն ավելի ուշ պարզվեց, որ մեքենան կայանել ու դիմել է փախուստի։ Երեւան քաղաքի կենտրոնի ոստիկանության բաժնի պրոֆեսիոնալ եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ մոտ 20 րոպե անց «Համերի» վարորդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց կենտրոնի բաժին։

Գեղամ Սահրադյանն այս պահին կալանավոված է։