Եռաբլուրում թաղված տղաները ոչ մեկի սեփականությունը չեն․ Անդրանիկ Քոչարյան

Եռաբլուրում թաղված տղաները ոչ մեկի սեփականությունը չեն․ Անդրանիկ Քոչարյան

Այս սեպտեմբերին լրացավ 44-օրյա պատերազմի երկու տարին, դրանից հետո էլ ունեցանք ցավալի հետևանքներով փոքր պատերազմներ, դեռ էլի կունենանք․ մենք լավ ենք ճանաչում թշնամուն։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է ոտքի կանգնել ու մեծ թափով առաջ գնալ։ «Առավել ևս մեր հակառակորդը վերջին օրերին նպաստում է մեր հավաքական անվտանգային խնդիրների անհապաղ կատարմանը։ Յուրաքանչյուրս պետք է հասկանա, որ հայրենասիրությունը սկսվում է ազգային գույներից, համերից, փոխադարձ սիրուց, ուրիշի կորստի ու ցավի նկատմամբ կարեկցանքից, արդար ու ազնիվ ձգտումներից»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա՝ պատերազմում փառքով ընկածներն ու ողջ մնացածները մեզ հայրենասիրություն սովորեցրին, ամուր հող ստեղծեցին մեր հայրենիքի հեռանկարային ապագան կերտելու համար։

«Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր երկրի պահապան հրեշտակների թիվն ավելացավ։ Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են։ Մեր դարպասները սկսվում են սահմանից ու Եռաբլուրից։ Դրա համար ոչ մեկի համար չպետք է փակվեն Եռաբլուրի դռները։ Յուրաքանչյուրս պարտք ունենք Եռաբլուրին վերադարձնելու»,- նշեց նա։

Քոչարյանի դիտարկմամբ՝ հայրենիքի համար անխոնջ աշխատել է անհրաժեշտ, ստեղծել ու արարել է պետք։
«Իսկ վիրավոր հայրենիքը բուժել է պետք, անվերապահ բուժել՝ բացառիկ սիրով ու նվիրումով։ Ցավը խորն է ու բոլորինս։ Սակայն պետք է նորից հառնել, գոտեպնդվել, սրտի ողջ խորությամբ զգալ ու անկեղծորեն սիրել հային, հայկականի ձևը, գույն ու համը»,- նկատեց նա։

Անրդանիկ Քոչարյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի տողերը․ «Տղի ժամանակներ են»։