«Ճամբարափոխ առնետը»․ Տեր-Պետրոսյանի «գրկից»՝ Փաշինյանի «գրպանում»

«Ճամբարափոխ առնետը»․ Տեր-Պետրոսյանի «գրկից»՝ Փաշինյանի «գրպանում»

 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանն է, ով օրեր առաջ անգնահատելի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին։

Ի՞նչ է տեղի ունեցել

Անցած շաբաթվա ընթացքում մամուլն ահազանգում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի փետրվարի 25-ին նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք արեցին՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։


Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվել էր, որ փետրվարի 25-ին ժողովը գումարվելու է։ Սա սկզբունքային նշանակություն ունեցող ժողով էր, որովհետև դրա գումարումն ու իշխանության ավտորիտար նկրտումների քննադատությունը կարող էր կանխել դատական համակարգի կլանումը գործադիր իշխանության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։


Դատավորների ընդհանուր ժողովը տապալվեց. Ջհանգիրյանը կարողացավ հասնել իր ուզածին՝ դատավորների նկատմամբ շանտաժի, նրանց տարբեր «յուղոտ առաջարկություններ» անելու միջոցով։ Դատավորների արտահերթ նիստին ներկայացել էր 89 դատավոր՝ չնայած արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր էր ստորագրել։

Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը

Եթե կարճ ձևակերպենք, ապա լավագույն բնորոշումը տվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ՀԱԿ-ից «թռած» ու Փաշինյանի թիմին միացած Գագիկ Ջհանգիրյանին անվանել էր «ճամբարափոխ առնետ»։


Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ 1995-96թթ-ին, երբ նոր-նոր սաղմնավորվում էին ընտրակեղծարարության մեխանիզմները, արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Գագիկ Ջհանգիրյանը ԿԸՀ-ում «բեսպրեդելի» հիմնական կուրատորն էր։ Վազգեն Սարգսյանով իշխանության էլիտայում հայտնված Ջհանգիրյանը 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զինդատախազն էր, ստանձնեց նախաքննության մարմնի ղեկավարի պարտականություններն ու «հաջողությամբ» պարտակեց գործի բացահայտումը։


2008-ին Ջհանգիրյանը սխալ հաշվեց․ նրան թվաց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է իշխանություն, միացավ առաջին նախագահի շարժմանը, կալանավորվեց, բայց հետո բոնուս ստացավ՝ ՀԱԿ ցուցակով դառնալով ԱԺ պատգամավոր։ Դե հետո եկավ «ճամբարափոխ առնետ» դառնալու ժամանակը, երբ Ջհանգիրյանը Տեր- Պետրոսյանի «գրկից» հայտնվեց Փաշինյանի «գրպանում»։

 

Վահրամ Բագրատյան