Շրջագայություններ՝ պետբյուջեի հաշվին, Ալիկ Սարգսյանի փեսան՝ Հայկ Մարությանի թիմում․ Մամուլը՝ սուրճով

Շրջագայություններ՝ պետբյուջեի հաշվին, Ալիկ Սարգսյանի փեսան՝ Հայկ Մարությանի թիմում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխանական պատգամավորների համար սկսվում են երանելի ժամանակները. առաջիկա ամիսներին շրջագայությունների իսկական բում է սպասվում նրանց: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ շռայլել պատգամավորներին, ընդ որում՝ Սիմոնյանը բարեհաճ է գտնվել թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների նկատմամբ. նրանք ողջ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին շրջագայությունների մեջ կլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշնան առաջին ամիսն ակտիվ գործուղումներով կսկսի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. վերջինս սեպտեմբերի 4-5-ը կգործուղվի Մինսկ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 6-ին կմեկնի Բելառուս՝ Բրեստ, «Փոխգործակցություն-2023» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար: Պետբյուջեի հաշվին գործուղման կգնա նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա սեպտեմբերի 10-14-ը Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի եւ Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերին:

Ընդդիմադիրները նույնպես հետ չեն մնա այս գործուղումների շռայլություններից: Սեպտեմբերի 14-18-ը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի հետ Վիետնամ կգործուղվի նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. նրանք Հանոյ քաղաքում կմասնակցեն Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար սեպտեմբերի 19-25-ը Նյու Յորք կմեկնեն Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Արփինե Դավոյանը: ՔՊ-ականների թանկարժեք շրջագայությունները կշարունակվեն նաեւ հոկտեմբերին: Հոկտեմբերի 5-10-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Կոպենհագեն՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը: Արմեն Գեւորգյանը 2023 թվականի հոկտեմբերի 22-27-ը Ստրասբուրգում կլինի: Շրջագայությունների շքերթը եզրափակում է Մարիա Կարապետյանը. նա «Ալյանս հանուն պատասխանատու քաղաքացիության» նորաստեղծ նախաձեռնության առաջին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կգործուղվի Լոնդոն:

Շրջագայությունների այս մեծ ցանկից արդեն հասկանալի է, որ ՔՊ-ականները «մեծ ախորժակով» են սկսում աշունը, բայց թե մեր պետությանը ինչ օգուտ են տալիս ՔՊ-ականների այս շռայլ ու թանկարժեք շրջագայությունները, ժամանակը ցույց կտա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Պն նախկին նախարար, փոխնախարարներ ու վարչության պետեր, որոնք հարցաքննվել ու առերեսվել են Վաչագան Ղազարյանի հետ: Ավելին՝ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման եւ կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ԱԱԾ-ն կալանավորել է Վաչագան Ղազարյանի քրեական գործով։ Ի դեպ, նա սպարապետ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար եւ 436 մլն դրամ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով, եւ, ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, թե բացառում է ընտրություններից հետո ՔՊ-ի եւ նախկինների հետ համագործակցությունը, սակայն դա չի խանգարում, որ իր թիմում ընդգրկի նաեւ նախկինների ազգականների, բարեկամների, իսկ կոնկրետ դեպքում՝ նախկինների ցույցերին «մարդ տանելու» գործին լծված Հայկ Խաչատրյանին:

Վերջինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է, Հայկոյի քաղաքապետության օրոք ղեկավարել է աշխատակազմը, ապա նշանակվել թաղման բյուրոյի ղեկավար, իսկ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի հունվարին, ազատվել է։ Ազատման պատճառն էլ կարծես եղել է այն, որ պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժման հանրահավաքներին մարդ է տարել, եւ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի իր թիմակիցներին վստահեցրել է, որ դրա վերաբերյալ ինքն ապացույցներ ունի։ Նախօրեին՝ Նուբարաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, Խաչատրյանն ուղեկցում էր Մարությանին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում նվազել են հացի արտադրության ծավալները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 128 հազար 167.2 տոննա հաց։ Այս թիվը, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 2.1%-ով։ Սակայն 3.1%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը. 7 ամիսներին արտադրվել է 89 հազար 827.1 տոննա ալյուր, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 87 հազար 108.2 տոննա։

Այս թվերին զուգահեռ ավելացել է մակարոնեղենի եւ ձավարի արտադրությունը. այս տարվա հունվար-հուլիսին 1.1%-ով էլ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը, ձավարեղենի արտադրության ծավալները նույնպես ավելացել են։ Հունվար-հուլիսին արտադրվել է 902.2 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6%-ով։

Սա հետաքրքիր վիճակագրություն է այն իմաստով, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան եկած քաղաքացիները թեեւ բնակչության վիճակագրությունը ՀՀ-ում փոխել են, բայց հացի արտադրությունը նվազել է, քանի որ նրանք հայերի նման շատ հաց չեն ուտում։