Ավստրո-ռումինական նավթագազային OMV Petrom ընկերությունը Վրաստանի ափերի մոտ գազի արդյունահանումը կսկսի փորձնական հորատանցքով մինչև 2025 թվականը, հայտնել է Նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։
Ընկերությունը շահել է 2020 թվականի ամռանը Վրաստանի ափերի մոտ նավթի արդյունահանման մրցույթը։ Անցյալ տարվա մարտին ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է նավթի և գազի արդյունահանման համար 25 տարի ժամկետով Սև ծովի մայրցամաքային շելֆի երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների արդյունահանում, հավաքում, մշակում և վերաիմաստավորում։
«Ենթակապալառու ընկերության ընտրության մրցույթն արդեն ավարտին է մոտենում, չորս ընկերություն է ընտրվել, և մենք ենթադրում ենք, որ երկու շաբաթվա ընթացքում հաղթողը կհայտարարվի, փորձնական հորատանցքը կբացվի և կսկսվի արդյունահանել գազ մինչև 2025 թվականը»,- ասել է Տատիշվիլին Business Course հաղորդաշարի եթերում։
Նրա խոսքով, հավանական է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Վրաստան կժամանի հատուկ նավ, որը նյութերն ուսումնասիրելուց հետո կընտրի հորատման վայր։
«Յոթ տարին այն ժամանակահատվածն է, որը միջազգային ստանդարտ է: Այն սովորաբար պահանջվում է հետախուզման համար, այս տարի սեյսմիկ աշխատանքները կավարտվեն: Ստացված նյութը մեկնաբանելու, ռիսկերը նվազեցնելու համար հավանաբար մեկուկես տարի կպահանջվի և հորատելու տեղ կընտրվի»,- ասել է Տատիշվիլին։
OMV Petrom-ի տվյալներով, արտոնագրված տարածքում սեյսմիկ հետազոտությունները կարժենան մոտ 30 մլն դոլար։Ընկերությունը OMV (Österreichische Mineralölverwaltung Aktiengesellschaft) ավստրիական հոլդինգի մի մասն է, որը հիմնադրվել է 1956 թվականին։ Այն Ավստրիայի նավթագազային երկրորդ ընկերությունն է, իսկ Եվրոպայում՝ տասներորդը։ Ընկերությունն արդեն ունի նավթի հանքավայրերի որոնման հաջող փորձ:
Նավթի և գազի գործակալության տվյալներով՝ երկրում նավթի արդյունահանմամբ զբաղվում են վեց ներդրող ընկերություններ։ Եվս յոթ ընկերություն որոնողական աշխատանք է կատարում։ Վերջին տասը տարիների միջին տարեկան արտադրությունը 43,6 հազար տոննա է։