Լիլիթ Մակունցը չի հանձնվում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։ Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։ Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։ Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 05․ 25 թ համարում։