ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է. Սրբուհի Գալյանը կադրային փոփոխությունների է պատրաստվում

ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է. Սրբուհի Գալյանը կադրային փոփոխությունների է պատրաստվում

Արդարադատության նախարարի փոփոխությունից հետո Քրեակատարողական ծառայությունում ճամպրուկային վիճակ է:

MediaHub-ի տեղեկություններով` իրենց ազատմանն են սպասում հատկապես ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը, որից, ի դեպ, դժգոհություն կա համակարգում, ասում են` անհաջող ղեկավար է և սպասում են, թե երբ պետք է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը ազատի նրան: Նաև ՔԿԾ պետի տեղակալների և որոշ այլ պաշտոնյաների մոտ է ճամպրուկային տրամադրություն:

Ի դեպ, նկատենք, որ Ամբակում Գրիգորյանին դեռ Գրիգոր Մինասյանն էր ցանկանում հեռացնել, ավելին` նա անգամ չէր էլ ցանկանում, որ Ամբակումը նշանակվեր, բայց Մինասյանը հեռացավ և Ամբակում Գրիգորյանի բախտը բացվեց` նա դեռ մնաց իր պաշտոնին: Համակարգում, սակայն, կարծում են, որ Սրբուհի Գալյանը իր կադրային առաջին փոփոխությունները կսկսի հենց ՔԿԾ պետից և Քրեակատարողական հիմնարկներից: 

Համակարգում նաև դժգոհություն կա ՔԿԾ կադրերի պետ Համբարձում Նավասարդյանից, ասում են` բոլոր իշխանություններին հաճոյացած պաշտոնյա է, բոլորի հետ մերվել է, և հիմա սպասում են` արդյոք կկարողանա՞ սիրաշահել նաև նորանշանակ նախարարին և իր ծառայությունները հրամցնել նաև նրան` ապահովելով նախկինների թվերից ձգվող իր պաշտոավարումը:

Մեզ ասացին` պաշտոնանկություններ և կադրային փոփոխություններ են սպասվում նաև արդարադատության նախարարության ենթակա այլ հիմնարկներում ևս: 

Նախարարության լրատվական բաժնից MediaHub-ի հարցին ի պատասխան` հաստատեցին, որ կադրային փոփոխություններ են սպասվում ամբողջ համակարգում, սակայն, նախարարի նորանշանակ խոսնակ Ծովինար Խաչատրյանը չմասնավորեցրեց, թե որ հիմնարկում ում են փոխելու:

 

Վահե Մակարյան