Վթարից 15 օր անց ջարդոնը դեռ ճանապարհի վրա է. ո՞վ է պատասխանատու

Օրերս MediaHub-ն անդրադարձել էր Երևանի «գլխակեր» ճանապարհահատվածներից մեկին՝ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ Հյուսիս-Հարավ ճանապարհին, որտեղ լուրջ ու մահաբեր վթարները հաճախակի են լինում:

Նշել էինք, որ վերջին լուրջ վթարն այս հատվածում տեղի է ունեցել հունվարի 1-ի գիշերը.  ժամը 05։50-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին, գլորվելով հայտնվել կամրջի տակ և բռնկվել:

Բարեբախտաբար, վարորդը ողջ է մնացել, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մեքենան ամբողջությամբ այրվել է:

Եվ ահա, անցել է 15 օր, բայց մինչ այս պահը վթարված մեքենան, ավելի ճիշտ՝ ջարդոնը, դեռ այդ հատվածում է, ինչի մասին վկայում է MediaHub-ի տեսանյութը:

Ո՞ր կառույցն է պատասխանատու նման դեպքերում, Երևանի քաղաքապետարանը, թե՞ Աջափնյակի վարչական շրջանը: Ո՞վ պետք է հեռացնի աղբը, ջարդոնը ճանապարհից, թե՞ որոշել են վթարված մեքենայակույտը թողնել այդտեղ որպես դաս վարորդներին, թե արագ վարելը նման հետևանքներ է ունենում:

Անցած մեր հրապարակմամբ հույս էինք հայտնել, որ պատկան մարմինները այս «գլխակեր» ճանապարհահատվածի համար հատուկ գործիքակազմ կկիրառեն, օրինակ՝ կկահավորեն արագությունը զսպող գծանշումներով, այդպիսով վերջ դնելով «գլխակեր» ճանապարհի էպոպեային: Բայց հիմա հասկանում ենք, որ պատկան մարմինները ուղղակի թքած ունեն մարդկային կյանքերի վրա, բացի այդ էլ՝ իրենց ուղղակի գործառույթների վրա՝ մաքուր պահել տարածքը: