Շարժման առաջնորդությունը պետք ա վերցնի Հայ առաքելական եկեղեցին

Շարժման առաջնորդությունը պետք ա վերցնի Հայ առաքելական եկեղեցին

Այս օրերին հանրապետությունով մեկ բազմաթիվ լոկալ անհնազանդության ակցիաներ են իրականացվում. սկիզբը դրվեց Տավուշում, իսկ վերջին երկու օրերին ակցիաներ իրականացվում են նաև Երևանում և այլ քաղաքներում:

Մարդիկ ոտքի են կանգնել, փոքր խմբերով փողոցներ են փակում, խաչմերուկներ են փակում նույն պահանջով՝ վերջ տալ հողերի հանձնումը սահմանազատման և սահմանագծման ընթացքում, կասեցնել իշխանությունների հակահայ քաղաքականությունը:

Արդյո՞ք այս ցանցային պայքարը չի ուղղորդվելու ընդդիմության կողմից, ո՞վ է վերցնելու առաջնորդությունը, և արդյո՞ք այս անգամ կհաջողվի իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որը ևս ակտիվ մասնակցում է անհնազանդության ակցիաներին։

Ըստ Զոհրաբյանի՝ երբ պայքարը ցանցային է, այսինքն՝ մարդիկ շատ պարզ բան են ասում՝ «Նիկոլ, դու իրավունք չունե՛ս միանձնյա մեր հայրենիքից հող հանձնել», մարդիկ դուրս են գալիս իրենց պայքարը տանելու համար, որը շատ դժվար է լռեցնել։ 

«Այո՛, շատ լավ է, որ ուղղորդող կետ չկա, քանի որ իշխանությունը փորձում է այդ ուղղորդող կետը գտնել ու չի կարողանում: Օրինակ՝ երեկվա ակցիան կանանց նախաձեռնություն էր, երեկվանից ՊՈԱԿ-ի 2000-ից ավելի տառականների նման ֆեյքեր եմ բլոկել։ Ընդամենը 4 կանանց նախաձեռնությամբ կազմակերպված ակցիան, որ հայրենիք չես հանձնելու, խելագար ցնցումների մեջ է գցել այս իշխանության ՊՈԱԿ-ին սոցցանցերում»,– ասաց Զոհրաբյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ շատ կարևոր է այս ցանցային պայքարը, քանի որ չգիտենք՝ վաղը, մյուս օրը, մեկ ժամ հետո ո՞վ որտե՞ղ իր պայքարը կտանի։ «Իհարկե, հասկանալի է, որ ինչ–որ մի պահի այս առվակների նման լոկալ պայքարը հայրենասեր մարդկանց, ովքեր ո՛չ պաշտոն են ուզում, ո՛չ որևէ բան, կմիավորի»։ 

«Եվ երբ ինչ–որ մի կոնկրետ տեղից է ուղղորդվում պայքարը, իշխանությանը շատ արագ հաջողվում է «նախկինները, թալանը, բենզինը կերել էին, լապատկեքով էին կռվում» թեզերով, վախեցնելով ու կեղտոտ Հ1-յան ու ՊՈԱԿ-յան և իրենց քարոզչական կոյուղաջրերով այդ մարդկանց կամ ուժերին վարկաբեկել։ Բայց այս պրոցեսը անկասելի է, որովհետև այն որևէ տեղից չի ուղղորդվում, այս ցանցային շարժումը շատ մեծ թափ է հավաքելու։ Երեկ ամոթով նայում էի այն կադրերը, թե ինչպես են ադրբեջանցիները, Ադրբեջանի դրոշը թափահարելով, վանկարկում «Նիկոլ Փաշինյան» և ծափահարում։ Ես շատ վատ զգացի, երբ տեսա Նիկոլի երեխայի դեմքը Ծիծեռնակաբերդում և ինձ համար որոշում կայացրեցի, որ իմ պայքարը լինելու է նաև Նիկոլի երեխաների համար, իմ պայքարը լինելու է նաև սև բերետավորների համար, որոնք երեկ դաժանաբար, ադրբեջանական յաշմայի ոգով քաշքշում էին և վիրավորում կանանց։ Եվ իրենք՝ հատուկ տրենիրովկա անցած, գիտեին՝ որտեղ սղմեն, որ մարդուն ցավ պատճառեն։ Անգամ իմ կողերս ջարդող ոստիկանի երեխայի համար ես պայքարելու եմ, որովհետև այդ երեխան մեղավոր չի, որ իր հայրը Հայաստանում կատարում է Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հրահանգները»,– ասաց Զոհրաբյանը։

Ըստ նախկին պատգամավորի՝ այս պահին շարժման առաջնորդությունը պետք է վերցնի Հայ առաքելական եկեղեցին՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին, որ տարբերություն չդնենք՝ ով ում երբ ինչ է ասել, ով ում դեմ ինչպես է պայքարել, և երբ մենք կկարողանանք Հայաստանը պահել, ժամանակին կլինեն ընտրություններ, այդ ժամանակ էլ յուրաքանչյուրը թող որոշի իր քարոզարշավը. հիմա պետք է հնչեցվեն եկեղեցու բոլոր զանգերը։

«Իմ կարծքիով՝ այս շարժման  առաջնորդությունն է փորձում ստանձնել Բագրատ սրբազանը, բայց հասկանալի է, որ առանց քաղաքական ուժերի աջակցության դժվար է լինելու արևմտյան սատարում ունեցող, իր մեջքին քարի պես կանգնած դեսպանատուն ունեցող այս իշխանությանը հեռացնել։ Երբ շարժումը կդառնա համազգային, և կմիանան բոլոր քաղաքական ուժերը, մենք կարողանալու ենք կասեցնել Հայաստանի պետականության կորուստը։ Այլապես, ինչպես Ալիևը նախօրեին ասաց, իրենց օրակարգում են նաև Վարդենիսի 10-ից ավելի գյուղերը, որոնք, դրա խոսքով, ադրբեջանական են։ Եվ այսպես հասնելու են Երևան։ Ինչպես ասաց Ալիևը մեկ տարի առաջ, ամեն ինչ անելու է, որ «Էրիվանում տոնեն Բաքվի թատրոնի 140-ամյակը»»,– եզրափակեց Զոհրաբյանը։

Մարիաննա Արամյան