Սամվել Վարդանյանին հարցաքննում են, հնարավոր է՝ մեղադրանք ներկայացնեն, բայց ոչ՝ խոշտանգողներին 

Սամվել Վարդանյանին հարցաքննում են, հնարավոր է՝ մեղադրանք ներկայացնեն, բայց ոչ՝ խոշտանգողներին 

ՔՊ-ական պատգամավորի հետ ավտոբուսում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի հետ այս պահին քննչական գործողություններ են կատարվում։ MediaHub-ի այս տեղեկությունը հաստատեց Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին Քննչական կոմիտեում մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանը մասնակցում է Սամվել Վարդանյանի հետ կատարվող քննչական գործողություններին, իսկ ինքն էլ Վարդանյանին խոշտանգելու առթիվ հանցագործության մասին հաղորդումն է պատրաստում, որ դիմի դատախազություն։ 

Նշենք, որ քիչ առաջ MediaHub-ը հայտնել էր, որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ դատախազությունը քաղաքացուն ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից խոշտանգելու փաստի առթիվ որևէ վարույթ չեն նախաձեռնել։

«Իմ գործընկեր Վարազդատ Հարությունյանը մասնակցում է այդ գործողություններին, մենք չտեղեկացանք, որ հարուցվել է քրեական վարույթ երեկվա մեր մամուլի ասուլիսի, այլ հաղորդումների հիման վրա, ուստի այսօր ինքներս հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ մինչև կեսօր իրենք այդ հաղորդումը կներկայացնեն։

Նա նաև նշեց, որ այս պահին Սամվել Վարդանյանը հարցաքննության է ենթարկվում, որից հետո, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կներկայացվի։ 

-Մեղադրանք՝ Սամվել Վարդանյանի՞ն, թե՞ նրան խոշտանգողներին։ 

-Չէ, բնականաբար, Սամվել Վարդանյանին․ քաղաքական իշխանության կողմից կազմակերպված խոշտանգումների դեպքում խոշտանգողներին մեղադրանք չի ներկայացվում, սովորաբար, դա է դաժան իրականությունը։ Ես միայն փաստեր ներկայացնեմ, որ այս պահին իրականացվում է հարցաքննություն, որից հետո, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կներկայացվի Սամվել Վարդանյանին։ Հիշեցնեմ, որ քրեական վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով, որը կալանավորական հոդված չէ, այսինքն՝ այդ հոդվածով կալանքը որպես խափանման միջոց կիրառվել չի կարող, բայց մենք չգիտենք՝ դատախազությունն ինչպիսի մեղադրանք կներկայացնի։

-Իսկ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասով որևէ գործողություն կատարվե՞լ է։ 

-Ոչ, նրա նկատմամբ խոշտանգման դեպքում քննչական գործողություն չի կարող կատարվել այն պարզ պատճառով, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Բայց մենք գտնում ենք, որ մեր հաղորդումը բավարար էր, ու բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, երբ ընդդիմադիրների նկատմամբ մամուլի հաղորդագրություններով քրեական վարույթներ են նախաձեռնվել, բայց այս դեպքով չի նախաձեռնվել։ Մինչդեռ, մենք կարծում ենք, որ սա այն դեպքն էր, որ պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր կայծակնային արագությամբ։ Բայց երեկ ամբողջ օրվա ընթացքում չի նախաձեռնվել։ 

-Իսկ դատաբժշկական փորձաքննության դիմելո՞ւ է։ 

-Փորձաքննությունը կատարվել է, վնասվածքներն արձանագրվել են։ Բայց դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել էր ավտոբուսի միջադեպով, որով ինքը որևէ վնասվածք չի ստացել, պարզապես համընկել է խոշտանգման դեպքը փորձաքննության ժամկետի հետ։

Վահե Մակարյան