Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկենք Ծաղկաձորը․ քաղաքը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները

Blog Image

Մի խումբ մտավորականներ ահազանգում են․

«Մենք` ներքոստորոգյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և բոլոր մտահոգ անձանց` հայտարարելով. 

Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները, իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերին: Ո՞ւմ համար են այդ շենքերը կառուցվում, ի՞նչ հիմունքներով և ո՞ւմ փողերով:

Զարմանալիորեն մի կողմ է նետվել Կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձևակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել, կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասից-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով: 

Առկա աղետից բացի կան նաև տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից և սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ոչնչացման վտանգի տակ են:

Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մեկ տարի հետո ուշ կլինի, կավարտվի ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե` ոչ, մեր թոռները Ծաղկաձորում ոչ ծաղիկ կգտնեն, ոչ ծառ: 

Ուրեմն հենց հիմա է պահը. հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որպեսզի մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը` համոզմունքով, որ համաժողովը իր հաստատակամ ուղերձով դիմի Ազգային ժողովին` շուտափույթ քննելու արդեն վաղուց հասունացած խնդիրը և ընդունել օրենք` Ծաղկաձորը հռչակել ազգային պարկ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը:

Մտահոգությամբ և հավատով` 

Հենրիկ Էդոյան

Արտեմ Հարությունյան 

Մերուժան Տեր-Գուլանյան

Մովսես Մանուկյան 

Աշոտ Օհանյան

Ժիրայր Դադասյան»։

Send