Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ մտադիր է եվրոպացի դաշնակիցների հետ քննարկել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին եվրոպական և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացումը:
Նրա խոսքով՝ միասնական Եվրոպան ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը ռազմական, ֆինանսական եւ տնտեսական ոլորտներում։
«Եվրոպան, որպես ամբողջություն, իսկապես ի վիճակի է հաղթել Ռուսաստանի դեմ ցանկացած ռազմական, ֆինանսական և տնտեսական առճակատում։ Մենք պարզապես ավելի ուժեղ ենք: Մենք պարզապես պետք է սկսեինք հավատալ դրան: Եվ այսօր, կարծես թե, դա տեղի է ունենում»,- Եվրամիության գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է Դոնալդ Տուսկը:
«Ես կխոսեմ նաև Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին եվրոպական և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացման անհրաժեշտության մասին»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Հիմնական մարտահրավերների թվում Դոնալդ Տուսկը անվանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ հանրապետական վարչակազմի նոր մոտեցումը Եվրոպայի նկատմամբ և սպառազինությունների մրցավազքը։ «Եվրոպան պետք է ընդունի այս մարտահրավերը և հաղթի սպառազինությունների այս մրցավազքում»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի «ReArm Europe» ծրագրի հաստատումը, որի մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԵՄ-ի 800 միլիարդ եվրո ռազմական հնարավորությունների ծրագիրը նախատեսված է խթանելու ներդրումները ազգային պաշտպանական արդյունաբերություններում և նվազեցնելու ԱՄՆ-ից կախվածությունը եվրոպական անվտանգության ապահովման գործում: Միաժամանակ գագաթնաժողովի օրակարգից բացառվել է Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի հարցը։