3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել. «Ժողովուրդ»

3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարի խորհրդականի որդու դեմ հարուցված քրեական գործով 3 տարի է, ինչ քննություն է իրականացվում, արդեն 3 դատավոր է փոխվել, գործը հասել է 4-րդ դատավորին, բայց այդպես էլ քննությունը տեղից չի շարժվում: 3 տարի է՝ դատական համակարգը չի կարողանում գործը գլուխ բերել։ Չի բացառվում, որ վարույթով անցնող պաշտոնյայի որդու հանգամանքն է դատարանին եւ դատավորներին խառնաշփոթի մեջ գցել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մասնակից է եղել Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմից՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Որոշվել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, սակայն Պողոսյանը, փաստացի, արգելանքի չի վերցվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել գտնվելու վայրը։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այն ժամանակ, երբ Կարեն Պողոսյանը գտնվում էր հետախուզման մեջ, հայրը՝ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, որ որդին Հայաստանում է, հայտարարում, թե գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի: Միջադեպից ավելի, քան 3 ամիս անց՝ 2021-ի սեպտեմբերի 22-ին, Կարեն Պողոսյանը ներկայացել է քննչական կոմիտե, երկու ամսով կալանավորվել, հետո ազատ արձակվել, քանի որ դատարանը չի բավարարել նրա կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը։ Պողոսյանի վերաբերյալ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին։

Արդյունքում, Սեփխանյանը քրեական գործը չքննեց մինչեւ վերջ, այն մակագրվեց, Մուշեղ Արամյանին, նա եւս մինչեւ վերջ չքննեց այն, գործը մակագրվեց Ռիմա Առաքելյանին, բայց վերջինս նույնպես չքննեց մինչեւ վերջ, ու հիմա էլ գործը մակագրվել է այս վարույթով 4-րդ դատավոր Արթուր Ոսկանյանին։

Ահա եւ դատական համակարգի ողջ պերճանքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: