Սանձել Իսրայելին, հակառակ դեպքում փոքր կայծից մեծ կրակ կծնվի

Չնայած Իսրայելի և «Հըզբոլլահ» խմբավորման միջև հրադադար է հայտարարվել նախորդ տարվա նոյեմբերից, կողմերը շարունակում եմ միմյանց մեղադրել հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մեջ։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ Իսրայելը պայմանական հրադարարից հետո առաջին անգամ խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող «Հըզբոլլահ»-ի կառույցներին։
«Իսրայելն ամեն անգամ պատրվակ է փնտրում թիրախավորելու Լիբանանը։ Մանավանդ դա ավելի ակներև դարձավ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Մերձավոր Արևելքում կայունությունը շատ փխրուն հողի վրա է։ Պետք է անհապաղ սանձել Իսրայելին, հակառակ դեպքում փոքր կայծը կմեծանա, նորից մեծ կրակի մեջ կհայտնվենք»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Բեյրութի հայկական համայնքի հնաբնակ Նազո Բերբերյանը։
Իսրայելական հարվածները խոցել են Սիրիայի հետ սահմանին գտնվող «Հըզբոլլահ» շարժման կրակային դիրքերն ու պահեստները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նազո Բերբերյանն ու Լիբանանի հայ համայնքը մեծ հույսեր են կապում Լիբանանի նորընտիր նախագահ զորավար Ժոզեֆ Աունի հետ։
«Ապավինում ենք մեր նախագահին, նա հրաշալի ղեկավար է։ Աունն ամեն ինչ անում է, որ ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Սակայն, Իսրայելն ուխտադրույժ կերպով փորձում է խաթարել կայունությունը։ Մեծ պատերազմը սկսվում է դանդաղ քայլերով։ Պարբերաբար դարձած կրակոցներին կհաջորդի պայթյունավտանգ պատերազմը, եթե միջազգային հանրությունը չդատապարտի Իսրայելի քայլերը»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան