Կարմիր բողկն առանձին բուսատեսակ չէ, այլ բողկի տեսակներից մեկը։ Այն ստացել են համեմատաբար ոչ շատ վաղուց, բայց դա չի խանգարել, որ դառնա ամենապահանջված բանջարեղեններից մեկը։
Կարմիր բողկը հարուստ է PP, C վիտամիններով և B խմբի վիտամիններով։ Պարունակում է մեծ քանակությամբ նատրիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, կալիում և կալցիում, ինչպես նաև բջջանյութ, սպիտակուցներ և եթերայուղեր, որոնք օգնում են նիհարել։
Բողկն ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություններ։ Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը և օրգանիզմից դուրս բերում ռադիոակտիվ նյութերը։
Այս բանջարեղենի գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և բարձրացնում հեմոգլոբինը։
Բողկի բաղադրության մեջ եղած որոշ յուղերը գրգռում են լորձաթաղանթը, ընդ որում` ոչ միայն քթի ու բերանի, այլ նաև աղիների։ Ուստի աղիքային հիվանդությունների, ինչպես նաև խոցային հիվանդությունների, գաստրիտի, կոլիտի դեպքում այս արմատապտուղը խորհուրդ չի տրվում ուտել։