Ընդդիմության ռևանշը՝ 2023 թ. ընտրություններից հետո. ո՞վ կհաղթի Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրություններում
Թուրքիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Սա առաջին մեծածավալ ընտրությունն է նախորդ տարվա նախագահական ընտրարշավից հետո։
Ընտրություններին մասնակցում է 36 կուսակցություն: Ընտրությունները, մասնավորապես, կփորձարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի ամրությունն երկրում։
Այս ընտրություններով թուրքական ընդդիմությունը հույս ունի ռևանշի հասնել 2023 թվականի անհաջողության համար՝ նախևառաջ պահպանելով երկրի խոշորագույն երկու քաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի վերահսկողությունը։
Նշենք, որ Ստամբուլում միմյանց դեմ են պայքարում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Կուրումը։
Ի՞նչ արդյունքներ կունենան այս ընտրությունները, ի՞նչ փոփոխությունների կհանգեցնեն և ինչպե՞ս կանդրադառնան հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի վրա. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ:
«Այսօր Թուրքիայում անցկացվող ՏԻՄ ընտրությունները կարևոր են այն հանգամանքով, որ դրանք, այսպես ասած, յուրահատուկ նախապատրաստական փուլ են 2028 թվականի նախագահական ընտրությունների համար: Այսինքն, եթե դիտարկենք ընդդիմության տեսանկյունից, ապա նրանք կարծես թե վերջին շանսերն են օգտագործում, մասնավորապես կապված որոշ առաջնորդների հետ, ովքեր պետք է ներկայացնեն թեկնածություն արդեն հաջորդ նախագահական ընտրություններին»,- ասաց նա:
Թուրքագետը հստակեցրեց, որ խոսքը վերաբերվում է Էքրեմ Իմամօղլուին, որը եթե ընտրվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում այս անգամ էլ, ապա ամենալուրջ թեկնածուն կհանդիսանա արդեն 2028 թվականի նախագահական ընտրություններում:
Նա նաև հավելեց, որ կան որոշակի քննարկումներ էլ Անկարայի ընդդիմադիր թեկնածուի հետ կապված՝ Մանսուր Յավաշի, որը նույնպես կարող է հավակնել, բայց շեշտն ավելի շատ դրվում է հենց Իմամօղլուի թեկնածության վրա:
«Քանի որ, եթե նա չհաղթի Ստամբուլում, ապա կարելի է համարել նրա քաղաքական ուղին փակված և նա չի հավակնի նախագահի պաշտոնում առաջադրվելուն: Սա է ամենակարևոր հարցը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար:
Դրանով է պայմանավորված, որ երկու կողմերն էլ իրենց ամբողջ ուժերը կենտրոնացրել են հենց այս երկու խոշոր քաղաքների վրա, որովհետև որ քաղաքական ուժը կհասնի հաղթանակի, նա էլ հաջորդը նախագահական ընտրություններում կունենա ռեալ շանսեր հաղթելու»,- եզրափակեց թուրքագետը:
Փաստենք, որ ընտրություններն այնքան էլ հանգիստ չեն անցնում: Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության հետ կապված միջադեպերի հետևանքով արդեն երկու մարդ է մահացել։
Հովհաննիսյան Ռեբեկա