Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը, Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա. Մամուլը՝ սուրճով

Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը, Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է։ Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը եւ ինչի է ապասում՝ թերեւս դժվար չէ կանխատեսել։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն հետեւյալ բովանդակությամբ, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տեղեկացնել.

Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:
Ի՞նչ կարգավիճակ ունի նա քրեական գործով:
Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:

Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա եւ դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում:
Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից:

Ի դեպ, ամիսներ շարունակ թիմից նեղացած Արփի Դավոյանը չի մասնակցում ՔՊ վարչության նիստերին: Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից, դրա հետևանքով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո Արփի Դավոյանը նեղսրտել է, չի գնում կուսակցության վարչության նիստերին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետեւել այս գործի քննությանը:
Հավելենք, որ այս քրեական վարույթը դեռեւս 2023 թվականից մեր ուշադրության կենտրոնում է, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմեն Մելիքբեկյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ-ոքի է խաղացել նույնքան անգամ և պարտվել է 30 խաղում: Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին երեք տարում: Այսինքն, 2020-2021 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել են փոքրիշատե բավարար արդյունքներ, իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում, գումարած՝ խայտառակ արդյունքներ: 2022 թվականից մինչ այս պահը (ներառյալ վերջին երկու խաղը) Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ և սեփական դարպասն ընդունել... 74-ը:

Այս ամենին գումարած՝ թիմում անընդհատ անառողջ մթնոլորտ է, պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում մարզիչների և ֆուտբոլիստների միջև: ՄիաժամանակՀՖՖ ղեկավարությունը տոտալ կոնֆլիկտի մեջ է գրեթե ողջ ֆուտբոլային հանրության հետ՝ ակումբներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ:

Թվում էր՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումներից հետո ՀՖՖ նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց, այդ թվում՝ շահարկվում է U20 աշխարհի 2029 թ. առաջնությունը երկու երկրում անցկացնելու՝ Վրաստանի հետ համատեղ հայտի հանգամանքը, չնայած նրան, որ դա որևէ կերպ կապված չէ Մելիքբեկյանի հետ, ավելին, նրա գործոնը, ի մասնավորի՝ հենց բոլորի հետ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը կարող է խանգարող լինել: Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, աշխատեցվում է «պահեստային» տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 49րդ Կոնգրեսը։ Բանն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում:

Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները տեղյակ չէին: Սակայն մեզ փոխանցեցին, որ նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ երկրպագուներին ներկայացնող շարժման հետ՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու հետ:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել՝ թերեւս փորձելով ճնշում գործադրել Աղազարյանի վրա, որ նիստում նա ավել-պակաս չխոսի, ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանի:

Ինչպես ասում են` այս գլխից որոշել են նրա «պոչը վերցնել են իրենց ոտքի տակ»։ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել եւ Աղազարյանին կաշառք տալու գործով մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանի մասով նախաքննության ավարտի մասին է հայտարարել ու գործն ուղարկել է դատարան։ Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը շարունակվում է, բայց Աշոտիկից կորզված ցուցմունքով, որը դեռ պետք է հիմնավորվի, արդեն քննությունը փորձում են տանել այն ուղղությամբ, որ պատգամավորին կաշառք առաջարկվել է, ինքն էլ լռել է, ինչը եւս հանցագործություն է։

Տեղեկություններ կան, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, թե իբր Աղազարյանը 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ միջնորդի՝ առանց խոչընդոտների Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

Աղազարյանի դեմ դատախազի միջնորդության հիմքում հիշյալ գործից զատ այլ վարույթ էլ կա, համաձայն որի՝ քաղաքացի Արամ Մկրտչյանը ցուցմունք է տվել, թե իբր Հովիկ Աղազարյանն իրեն խաբել է, վերցրել է 23 հազար դոլար գումար` շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն գործընթացը ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել: Մենք գրել ենք, որ Արամ Մկրտչյանն Աղազարյանի սանիկն է, ժամանակին Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, խարդախության համար մի քանի անգամ դատապարտվել է։