Զոհի մարմինն իմ ձեռքով տեղափոխեցի շտապ օգնության մեքենա․ Մասիս Զեյնալյան

Զոհեր էլ ունենք, վիրավորներ էլ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ հստակ չէ, թե քանի զոհ ու վիրավոր կա։
«Ինժեներական աշխատանքները սկսելուց հետո է սկսվել փոխհրաձգությունը։ Երկու կողմն էլ իրականացնում էր ինժեներական աշխատանք։ Իրենց կողմից է եղել սադրանքը»,- ասաց նա։
Զեյնալյանը վստահ նշեց, որ ադրբեջանական կողմից գնդապետ է զոհվել։
«Իսկ մեր կողմից զոհեր կան։ Մի մարմին կար, որ ես եմ մեքենան դրել, պիկապից դրել շտապ օգնության մեքենան։ Գնացինք, որ իջնենք պոստեր, էդ ժամանակ պիկապն ու սկոռին եկան, հանդիպեցին, ոչ ոք ռիսկ չարեց, ես մոտեցա, մարմինը տեղափոխեցի»,- ասաց նա։
Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմի զոհերն ու վիրավորները զինծառայողներ են, քաղաքացիական անձինք չկան։
«Հիմա պատրաստ ենք ամեն ինչի»,- նշեց նա։
Իշխանություններից դեռ ոչ ոք չի գնացել Տեղ, միայն համայնքի ղեկավարն է այնտեղ։
«Ինքն էլ ասում է՝ ձեռքիս ի՞նչ կա, որ ինչ անեմ՝ ո՛չ հրաման կա, ո՛չ բան»,- ասաց ավագանու անդամը։
Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ զոհերից մեկը ժամկետային զինծառայող է, վիրավորներից մեկն էլ՝ բարձրաստիճան սպա։
Նարե Գնունի