Արցախում «մի բան նիտո ա»․ կոմունալները շատ են գալիս, հստակ պատճառ չկա

Արցախցիները MediaHub-ին ահազանգում են, որ կոմունալ վճարումներն անհասկանալիորեն բարձր են, վճարում են այնքան, որքան նախկինում, երբ չկար շրջափակում, երբ չկային էլեկտրաէներգիայի և գազի անջատումներ։
Ստեփանակերտի բնակիչներից մեկը MediaHub-ի հետ զրույցում պատմեց, որ բոլորն են այս կասկածելի երևույթը նկատել։
«Էն ժամանակ, երբ ամեն ինչ նորմալ էր, վճարում էինք էնքան, ինչքան հիմա, հիմա նույնիսկ ստացվում է, որ ավելի շատ են վճարում։ Մի բան նիտո ա էլի, մի խաղ խաղում են։ Նախկինում ամիսներ էին լինում, որ էլեկտրաէներգիայի համար 20-25 հազար էի վճարում, էս պահին էլ դե բոլորը գիտեն, որ հովհարային անջատումներ են լինում, ու նույն գինն եմ վճարում»,-պատմեց արցախցին։
Մեկ այլ բնակիչ էլ մեզ հայտնեց, որ գրասենյակ ունի և այդ գրասենյակի կոմունալ վճարը հունվար ամսին եղել է այնքան, որքան նախորդ տարի հունվարին։
«Մենք էլ չենք հասկանում, թե ինչ է կատարվում»,-ասաց նա։
«Արցախգազ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արթուր Դադասյանը նշեց, որ այդ հարցերին ավելի ճիշտ կլինի, որ պատասխանեն Արցախի տեղեկատվական շտաբից։ Իսկ «Արցախէներգո» ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն էլ MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե ինչու է այդ բողոքն այս օրերին բարձրաձայնվում, քանի որ փետրվար ամսի կոմունալ վճարների տվյալները դեռ չկան։
«Վաղն է հրապարակվելու, հիմա տվյալ չկա, որ համեմատականներ տանեն»։
Դիտարկմանը, թե արցախցիները նաև հունվար ամսվա մասին են բարձրաձայնում, վերջինս պատասխանեց՝ թե՛ հունվարին, թե՛ փետրվարին գազ չի եղել, մարդիկ էլ կրկնակի շատ են էլեկտրաէներգիա օգտագործել։
Մինչդեռ, հիշեցնենք, օրական նվազագույնը վեց ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում:
Շեշտենք, որ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը մեր զանգերն անպատասխան թողեց։
Լիաննա Թորոսյան