Որոշել են ռեբրենդինգի ենթարկել պոլիկլինիկաները՝ ազատվելով «պոլիկլինիկա» բառից

Երևանի ավագանին որոշել է փոխել քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող պոլիկլինիկաների անվանումը՝ ազատվելով «պոլիկլինիկա» բառից։ Դրա վերաբերյալ համապատասխան նախագիծ է ներկայացվել ավագանու առաջիկա նիստի համար։
Նախաձեռնությունը, բնականաբար, ՔՊ-ականներինն է, ոչ թե ընդդիմությանը։ Թեև այն կոչվում է «Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններն անվանափոխելու և կանոնադրությունների փոփոխությունները հաստատելու մասին» որոշման նախագիծ, սակայն իրենից ենթադրում է պոլիկլինիկաների ռեբրենդինգի գործընթաց, ինչի մասին էլ նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Այլ կերպ ասած՝ նախագծի տակ ստորագրած Տիգրան Ավինյանը որոշել է ռեբրենդինգի ենթարկել Երևանի պոլիկլինիկաները՝ դրանց անվանումները փոխելով և հրաժարվելով «պոլիկլինիկա» բառից։
Դրա փոխարեն որոշել են օգտագործել «Առողջության կենտրոն» անվանումը։ Նկատենք, որ սա հանգեցնելու է բոլոր փաստաթղթերում, բուժհաստատությունների գրություններում, շենքերի ցուցափեղկերում և այլ հնարավոր հատվածներում անվանումների փոփոխություն։ Իսկ դրա համար նաև գումարներ են անհրաժեշտ։
Նախագծով, օրինակ, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնը կվերանվանվի որպես Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն, «Արշակունյաց» պոլիկլինիկան՝ Երևանի «Արշակունյաց» առողջության կենտրոն, «Թիվ 8 պոլիկլինիկան»՝ Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոն, «Թիվ 9 մանկական պոլիկլինիկան»՝ Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոն, «Թիվ 12 պոլիկլինիկան» կդառնա Երևանի «Ավան» առողջության կենտրոն, իսկ «Թիվ 13 պոլիկլինիկան» էլ կանվանվի Երևանի «Շենգավիթ» առողջության կենտրոն, չնայած որ Շենգավիթում մի հատ էլ «Շենգավիթ» բժշկական կենտրոն կա, ու կարող է շփոթություն առաջացնել նույնատիպ մեկ այլ անվանումով բուկենտրոն ունենալը։ Եւ այսպես՝ թվով տասներկու բուժկենտրոն։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անհարժեշտություն է առաջացել մոդերնիզացնել Երևանի ենթակայության պոլիկլինիկաների առկա իմիջը, համապատասխանեցնել Երևանի քաղաքապետարանի ռազմավարական ուղություններին, ստեղծել պոլիկլինիկաների համար դրական հանրային ասոցիատիվ կերպար:
Իսկ թե ինչու պետք է հրաժարվել «պոլիկլինիկա» բառից, ահա այսպիսի հիմնավորում են ներկայացրել․ «Ներկա փուլով նախատեսվում է անվանափոխել պոլիկլինիկաների անունները, մասնավորապես՝ անվանումից հանել «պոլիկլինիկա» բառը, և այն փոխարինել «Առողջության կենտրոն» բառերով, քանի որ ըստ հարցումների՝ բնակչության շրջանում «պոլիկլինիկա» անվանումն ունի խնդիրներ և մի շարք արմատացված բացասական ասոցիացիաներ, մասնավորապես՝ անցած դարաշրջանի բառ, անտեղի թղթաբանություն, խնդիրներ, իսկ բառի փոփոխությունը կարող է տալ դրական ենթագիտակցման ընկալում, դրական սկզբնական վերաբերմունք, բովանդակություն և իմաստ, քանի որ առաջնային ծանոթությունը լինում է անվանումից, և առաջնային տպավորությունը միշտ կարևոր է անձի համար: «Առողջության կենտրոն» բառերը ասոցացվում են մի վայրի հետ, որտեղ զբաղվում են առողջությամբ»...
Վահե Մակարյան