Փաշինյանի նկատմամբ Գառնիկ Դանիելյանի հաղորդման հիմքով վարույթ հարուցվե՞լ է

2025 թվականի հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուղիղ եթերում հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։
Անդրադառնալով շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, ըստ որի՝ «Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է», Դանիելյանը նշել է, որ այս կերպ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը ժխտել է։
Ուստի պատգամավորը ուղիղ եթերում ասաց, որ իր այս հայտարարությունը պետք է ընդունվի որպես հաղորդում հանցագործության մասին։
Արդյո՞ք գլխավոր դատախազությունում այս հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնվել է։ Հարցի պատասխանը ստանալու նպատակով MediaHub-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ի պատասխան մեր հարցման՝ դատախազությունից հայտնել են, որ նշվածի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթ նախատեսված չէ։
Մեր հարցման երկրորդ մասում մենք խնդրել էինք ներկայացնել հիմքերը՝ երկու դեպքի համար էլ, այսինքն՝ ինչու է հարուցվել, եթե հարուցվել է, և հակառակ պատասխանի դեպքում ինչու չի հարուցվել։
Սակայն այս հարցին գլխավոր դատախազությունից չեն պատասխանել։
Նարե Գնունի