Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր արցախցիների կողքին են՝ անկախ ամեն ինչից․ Հին Շենի ղեկավար

Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր արցախցիների կողքին են՝ անկախ ամեն ինչից․ Հին Շենի ղեկավար

Արցախում 120 000 մարդ շրջափակման կամ փաստացի գերության մեջ է արդեն 26 օր. ադրբեջանցի «բնապահպանները» փակել են արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի շրջափակված գյուղերից մեկն էլ Հին Շենն է։ 

MediaHub-ը զրուցեց համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ, պարզելու, թե ինչ իրավիճակ է գյուղում։ Վերջինս զգուշավորություն ցուցաբերեց:
Սարգսյանի խոսքով, այս պահին գյուղում վիճակը նորմալ է, մանկական կերի, դեղորայքի կամ սննդի պակաս չունեն, չնայած ստեղծված իրավիճակին։ 
«Հումանիտար օգնություն եղել է, շեն կենան, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր արցախցիների կողքին կանգնած են՝ անկախ ամեն ինչից»,-ասաց Հին Շենի ղեկավարը, հավելելով, որ թեև ճանապարհը փակ է և առկա են խնդիրներ, բայց արցախցիների տրամադրվածությունը, փառք Աստծո, նորմալ է։

Նշենք, որ համայնքի ղեկավարի նման զգուշավոր պատասխանները լիովին հասկանալի են. արցախցին միշտ էլ չընկճվող տեսակ է եղել, բացի այս, կան այլ, հասկանալի պատճառներ, թե ինչու են փաստացի գերության մեջ հայտնված համայնքի ղեկավարները խուսափում իրական պատկերը ներկայացնել: Իսկ իրական պատկերը բոլորիս է հայտնի. Արցախը շրջափակված ճանապարհով ամեն օր 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք էր ստանում, այս թիվը հնչեցրել էր հանրապետության ՄԻ պաշտպանը: Եվ հասկանալի է, որ շուրջ մեկ ամիս առանց դրա մնալը չի կարող լրջագույն խնդիրներ չառաջացնել:
Ու դեռ որքան այսպես՝ հայտնի չէ...

Շուշանիկ Միսկարյան