Մեկ տարի անհետ կորած համարվող զինծառայող Նորիկ Մկրտչյանի գործը կոծկվում է, պատշաճ քննություն չի իրականացվում. փաստաբան

Մեկ տարի անհետ կորած համարվող զինծառայող Նորիկ Մկրտչյանի գործը կոծկվում է, պատշաճ քննություն չի իրականացվում. փաստաբան

Մեկ տարի անց էլ հայտնի չէ, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է անհետացել Վարդենիսում տեղակայված ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը։

2021թ.–ի մայիսի 18-ից անհետ կորած համարվող Նորիկ Մկրտչյանը մեղադրվում է զորամասն ինքնակամ լքելու մեջ։ Նորիկ Մկրտչյանի անհետացման դեպքի առնչությամբ հարուցված եւս մեկ քրեական գործ կա՝ պաշտոնական անփութության հատկանիշներով։ Դասալքության մեջ մեղադրվող Նորիկ Մկրտչյանը հարուցված քրեական գործի շրջանակում միակ մեղադրյալն է, մյուսներն ունեն վկայի կարգավիճակ։

NEWS.am-ի հետ զրույցում Նորիկ Մկրտչյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը նշեց, որ հարուցված քրեական գործերով պատշաճ քննություն չի կատարվում։

«Պաշտոնական անփութության հատկանիշներով գործը հարուցվել է զուտ հարուցվելու համար, ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ որեւէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի այս գործով։ Դիրքի ավագն առերեսման ժամանակ ասել է, որ ճանապարհին, երբ տեսել են, որ Նորիկը լավ չէ, հրամանատարությանը տեղյակ են պահել զինվորի վիճակի մասին, ասել են՝ կիջեցնենք,  բայց չորս օր շարունակ հիվանդը «սանչաստում» լինելու փոխարեն դիրքերում է եղել։ Թե իրավիճակն ինչպիսին է եղել եւ ինչ բացասական հետեւանք  է վրա հասել՝ Քննչական կոմիտեի անգործության արդյունքն է, որ մինչեւ հիմա տեղյակ չենք։ Վարույթն իրականացնող մարմինն ասում է՝ գործ է հարուցվել, որն ընթանում է հավուր պատշաճի, սա ծիծաղելի է։ Պետական մակարդակով Նորիկ Մկրտչյանի գործը կոծկվում է, պատշաճ քննություն չի իրականացվում, ուղղակի որեւէ գործողություն չի կատարվում»,– ասաց Նորիկ Մկրտչյանի փաստաբանը։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում, Լուսինե Վիրաբյանը ասել էր, որ տեղեկություն ունեն, թե Նորիկը դիրքեր բարձրանալիս վատառողջ վիճակում է գտնվել, եւ նրան երկու հոգով են բարձրացրել, իսկ մեկ ուրիշն էլ զենքն է բարձրացրել։

«Քննչական կոմիտեն աչք է փակում այն հանգամանքի վրա, որ եթե անգամ Նորիկը վատառողջ վիճակում հայտնվել է դիրքերում, ապա դա հրամանատարական կազմի անուշադրության, անփութության հետեւանք է։ Զինվորը չորս օր շարունակ այդ վիճակում եղել է դիրքերում։ Նորիկին դիրքեր բարձրացրել են նրա երկու ծառայակիցները, ստացվում է, որ զինվորը չէր կարող միայնակ փախչել, երբ զինվորները պատմել են, որ օրեր շարունակ Նորիկը խոսել չի կարողացել, իսկ իրենք ասում են՝ սովորական հարբուխ է եղել»,– ասաց Վիրաբյանը։

Նորիկ Մկրտչյանի մայրը հարուցված քրեական գործի շրջանակում առերեսում է ունեցել սպայական կազմից՝ «կամբատի» եւ դիրքի ավագի հետ։

«Տպավորություն ստացա, որ փորձ էր կատարվում թաքցնել, որ Նորիկը եղել է վատառողջ՝ դիրքեր բարձրանալիս։ Միայն իմ ու Նորիկի ծնողի հարցերից հետո սկսեցին խոսել այդ մասին։ Որեւէ նոր տեղեկություն չստացանք, հակասություններն էին շատ. անգամ Նորիկին վերջին անգամ երբ եւ որտեղ տեսնելու մասին փաստերն էին հակասական։ Չեն համընկնում բոլոր ցուցմունքները։ Չեն հիշում, չգիտեն՝ Նորիկը դիրքերից է անհետացել, թե հերթափոխից հետո, երբ մեքենաներով իջեցրել են։ Դիրքի ավագն ասում էր՝ առավոտյան մինչեւ ժամը 5–ը Նորիկը քնած էր, ինքը Նորիկին վերջին անգամ այդտեղ է տեսել, իսկ մեկ ուրիշն էլ ասում է՝ չգիտեմ, 4–5 մեքենա կար։ Դիրքերում Նորիկը մի քանի օր առանձին քնապարկով է եղել, շատ վատ վիճակում, չի շփվել, հիմա եթե հերթափոխ է եղել, ու իջել են, ուրեմն Նորիկին էլ պետք է իջեցնեի՞ն, թե՝ ոչ»,– նկատեց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ «կամբատը» Նորիկի մորն այլ տվյալներ է ասել, քննիչի մոտ՝ այլ, հերքել է նախկինում ասածները, ինչը կասկածի տեղիք է տվել Նորիկի պաշտպանի եւ մոր մոտ։

«Այս առեղծվածային դեպքից տվյալներ են թաքցնում։ Վախ է զգացվում նաեւ շարքային ծառայակիցների մոտ, որոնք խուսափում են հարցերին պատասխանել, նշելով, թե չեն հիշում դեպքի մանրամասները։ Չի կարող նման բան լինել։ Քննչական կոմիտեն ձեւականորեն գործ է հարուցել, եւ մեկ տարի է՝ որեւէ մեկին չի հետաքրքրում՝ զինվորն ինչ եղավ։ Սրանից կարելի է եզրակացնել երկու բան՝ կամ իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է եղել ու կոծկում են գործը, կամ անտարբեր են դեպքի առնչությամբ։ Հակված եմ առաջին տարբերակին հավատալ. կազմակերպված կոծկվում են գործի հանգամանքները»,– վստահեցրեց Լուսինե Վիրաբյանը։

Փաստաբանը հայտնեց, որ  վերջերս վարույթն իրականացնող մարմնի քննիչը դիմել է Կարմիր Խաչին՝ Նորիկ Մկրտչյանի՝ գերեվարված լինելու մասին ճշտում կատարելու համար։ Պատասխան դեռ չեն ստացել։