«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ»,- Արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ հայրենիքի համար պայքարած մարտիկների օրինակը հասարակությանը ծառայեցնելու փոխարեն օրվա իշխանություններն առաջնագծում ծառայելը որպես պատիժ են մատուցում, ոչ թե որպես պատիվ, ուստի անընդունելի այս մոտեցումը վերացնելու համար է նաև այն պայքարը, որն ընթանում է։
«Մեկ տառով փոխել են մեր ամբողջ մտածողությունը։ Մի ժամանակ առաջնագիծ գնալը պատիվ էր, հիմա՝ պատիժ։ Ռազմի դաշտը նույնացրել են կալանավայրի հետ։ Արցախ չունենք այսօր, այն Արցախը, որով հպարտանում էինք։ Արցախ չունենք իր սրբարաններով, մեր ընկերների շիրիմներով, մեր պատմական վանքերով, որտեղ երբեք թշնամի չէր մտել։ Մենք ապրում ենք ուրախության և կենսագրության գողացված ժամանակներում։ Ես չեմ պատկերացնում մարդկանց, որոնք անցնելով պատերազմի դաշտով, կհամարեն, որ իրենց կյանքում ոչինչ չի պատահել։ Յուրաքանչյուրիս կենսագրությունը ոչ միայն գողացված է, այլև խոցված»։