Թուրքիան առաջարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում։ Այս մասին հայտնել է РИА Новости գործակալության դիվանագիտական աղբյուրը՝ Անկարայում։ Միաժամանակ նշվում է, որ դեռեւս պաշտոնական Երեւանն այս առաջարկին չի արձագանքել։
«Եթե խոսքը գնում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ապա տրամաբանական կլիներ, որ բանակցությունները տեղի ունենային՝ առանց երրորդ երկրի մասնակցության։ Մենք առաջարկել ենք, որ հանդիպումն անցկացվի Անկարայում կամ Երեւանում, բայց դեռ պատասխան չենք ստացել», ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը արդեն հանդիպել են 4 անգամ։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ Վիեննայում, որից հետո ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ։
«Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,- հուլիսի 1-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։