1989 թ․ «ԶԻԼ» բեռնատար, 8500 դոլար և 12 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար․ Վահե Ղազարյանի ունեցվածքը

Ներքին գործերի նախարար, Նիկոլ Փաշինյանի ընկեր, վերջերս էլ մի իջևանցու հարսանիքի քավոր կանգնած ու 20 հազար դրամանոցներ բաժանած Վահե Ղազարյանը 2023 թվականի իր տարեկան հայտարարագրում երկու անշարժ գույք է հայտարարագրել, երկուսն էլ՝ Տավուշի մարզում։ Դրանցից մեկը, որ գտնվում է Իջևան քաղաքում, արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը ձեռք է բերել 2005 թվականին։ Մյուսը անհատական բնակելի տուն է, որը նվիրատվություն է և գտնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։
Նա նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում մեկ բնակարան է հայտարարագրել, որը նա տնօրինում է 90 օրից ավելի, բայց դրա վերաբերյալ բոլոր տվյալները թաքցված են։ Այն, հավանաբար, պետության կողմից հատկացված բնակարան է, որին առնչվող որևէ տվյալ չեն ներկայացրել, որ հնարավոր չլինի նույնականացնել։
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներին, ապա Վահե Ղազարյանն ընդամենը 1989 թվականի թողարկման «ԶԻԼ» մակնիշի բեռնատար է հայտարարագրել, որը նա ձեռք է բերել 2021 թվականի ամռանը։
Վահե Ղազարյանը, ինչպես և այս իշխանության գրեթե բոլոր պաշտոնյաները, նորակառույցում բնակարան է ձեռք բերել, որի համար վարկ է վերցրել, որի մասին թեև ուղիղ արտացոլում չկա հայտարարագրում, բայց հիշատակում կա վարկի տեսքով՝ հանձնված և վերադարձված փոխառություններ բաժնում։ Այստեղ նշված է, որ նախարար Ղազարյանը 35 մլն 692 հազար դրամի փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին, որը կառուցապատող ընկերություն է և բազմաբնակարան շենքեր է կառուցում մայրաքաղաքում։
ՆԳ նախարարի բանկային հաշիվներին 2023 թվականի սկզբին եղել է ընդամենը 912 հազար 664 դրամ, որը տարվա վերջում դարձել է 12 հազար 961 դրամ և 481 հազար 646 դրամ՝ երկու առանձին հաշիվներին։
Որպես կանխիկ դրամ Վահե Ղազարյանն անցյալ տարվա վերջին ունեցել է 8500 դոլար 12 մլն 500 հազար դրամ։
Նախարարի տարեկան եկամուտը 2023 թվականին կազմել է 27 մլն 251 հազար 637 դրամ, որից 18 մլն 945 հազար 718 դրամը նա ստացել է ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։
Վահե Մակարյան