Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որ հեռացել էր երկրից, երեկ վերադարձել է: Սակայն խմբակցության հետ նա հարաբերությունները սառեցրել է. հիմնականում չի մասնակցում նիստերին: Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է. ե՞րբ է նա գնում-գալիս երկրից:

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեեւ հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենեւին հոբելյանական չէր։ 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, եւ փաստացի մինչեւ հիմա մենք ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին»,- ասել է նա եւ դա անվանել «Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»: Ապա Պուտինն իր խոսքում պատասխանել է նրան․ «Հույս կա, որ հնարավոր է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

«Հրապարակ» թերթը գրում է․

Սահմանադրությունը հետ են ուղարկել լրամշակման Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ նախագահին է վերադարձրել Սահմանադրության նախագիծը։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նման որոշման պատճառ են հանդիսացել տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը «կարող է ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»:

«Հրապարակ» թերթը գրում է․

Նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պուտինի՝  Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ՝ 2019-ին, բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Փաշինյանն անձամբ չէր գնացել օդանավակայան՝ դիմավորելու: Իշխանականներն ու նրանց համակիրներն այն ժամանակ ցնծում էին Փաշինյանի «խիզախ» քայլից եւ հայտարարում, թե նախկինների պես իրենց իշխանությունը Ռուսաստանի ստրուկը չէ։ Սակայն պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ռուսամետության ասպարեզում ռեկորդներ խփեց։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում, Գերմանիայում և Իտալիայում հավատարմագրված ՀՀ դեսպաններն ակտիվ հանդիպումների մեջ են այդ երկրների տարբեր շրջանակների հետ։

Խնդիրն այն է, որ, ինչպես հայտնում է ԱԳՆ մեր աղբյուրը, առաջիկա մեկ տարվա ընթացքում եվրոպական և ասիական մոտ 10 երկրում հայաստանյան իշխանությունները մտադիր են դեսպանատների նոր շենքեր ձեռք բերել, իսկ գործընթացն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկմամբ:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ ոստիկանության համակարգում հպարտությամբ արձանագրում են բարեփոխումների «շռնդալից ընթացքն» ու մասնավորապես նոր ներդրվող պարեկային ծառայության նվաճումները, «Փաստ» թերթին հերթական ուշագրավ տեղեկություններն են հայտնի դառնում, որոնք, շատ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:

Այդպիսի մի տեղեկության համաձայն, օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող արվեստագետին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: Երեկ նա պաշտոնից ազատել է կաբինետի բոլոր նախարարներին ու միայն չորսին որպես պաշտոնակատար նշանակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետնախարարի ազատումների շքերթը ոչ միայն Արցախի քաղաքական ուժերին, այլ նաեւ գործադիրի, օրենսդիրի ու ուժային կառույցների ներկայացուցիչներին է անակնկալի բերել: Մեր օրաթերթի՝ արցախյան աղբյուրները փոխանցեցին, որ մինչեւ այս պահը նոր անուններ չեն շրջանառվում: