Մասկի կարծիքով՝ Միացյալ Նահանգների «ղեկավարությունը շատ, շատ հին է»

Մասկի կարծիքով՝ Միացյալ Նահանգների «ղեկավարությունը շատ, շատ հին է»

Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի կարծիքով՝ Միացյալ Նահանգների «ղեկավարությունը շատ, շատ հին է»։

Խոսելով այն մասին, որ մարդկանց կյանքի տեւողությունը զգալիորեն մեծացել է, Մասկը հետաքրքիր մտքեր է հայտնել այս առնչությամբ։

«Ես չեմ կարծում, թե մենք պետք է փորձենք մարդկանց ստիպել շատ երկար ապրել»,- ասել է նա։ «Դա շնչահեղձ կանի հասարակությանը, որովհետեւ ճշմարտությունն այն է, որ մարդկանց մեծ մասն իր կարծիքը չի փոխում։ Նրանք պարզապես մահանում են։ Ուստի, եթե նրանք չմահանան, մենք կխրվենք հին գաղափարների մեջ, եւ հասարակությունը չի զարգանա», գրել է Business Insider-ը։

Նրա խոսքով՝ «գերոնտոկրատիան», երբ կառավարությունը հիմնականում վերահսկվում է բնակչության հիմնական մասի տարիքից զգալիորեն մեծ քաղաքացիների կողմից, անառողջ երեւույթ է։ «Ես կարծում եմ, որ մենք արդեն բավական լուրջ խնդիր ունենք գերոնտոկրատիայի հետ կապված, երբ շատ երկրների առաջնորդները շատ ծեր են»,- ասել է նա։ «ԱՄՆ-ում շատ, շատ հին ղեկավարություն է։ Եվ պարզապես անհնար է կապի մեջ մնալ մարդկանց հետ, եթե մի քանի սերունդ մեծ ես նրանցից»։

«ԱՄՆ-ի հիմնադիրները սահմանել են նվազագույն տարիքը ղեկավարների համար։ Բայց նրանք չեն սահմանել առավելագույն տարիքը, որովհետեւ չեն սպասել, որ մարդիկ այդքան երկար կապրեն։ Այդպես էլ պետք է լիներ։ Որովհետեւ, որպեսզի դեմոկրատիան գործի, առաջնորդները պետք է խելամիտ կերպով կապված լինեն բնակչության հիմնական զանգվածի հետ»։

Մասկն ասել է, որ կցանկանար, որպեսզի քաղաքական առաջնորդների տարիքը «լիներ 10 կամ գոնե՝ 20 տարվա սահմաններում՝ բնակչության միջին տարիքի համեմատ»։

Նա նշել է, որ, չնայած կցանկանար լավ առողջություն պահպանել երկար ժամանակի համար, բայց չի վախենում մահից։ «Ես մեռնելուց չեմ վախենում։ Կարծում եմ, որ դա թեթեւացում կլինի»,- ասել է նա հարցազրույցում։

Ջո Բայդենի նախագահության ժամկետի սկզբից Մասկը, որը, թվում էր, ազդվել է վարչակազմի՝ անցած տարեսկզբին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ջանքերից, սկսել է քննադատել Բայդենին։

Հունվարին միլիարդատերը Թվիթերում Բայդենին անվանել էր «թաց գուլպաներից պատրաստված խամաճիկ՝ մարդկային կերպարանքով»։