Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում, ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են, նոր թիրախներ. Մամուլը՝ սուրճով

Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում, ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են, նոր թիրախներ. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին։ Որքան պայքարում են արտահոսքերի դեմ, դրանք, միեւնույնն է, շարունակվում են:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը թիմում լուրջ խնդիրներ ունի, եւ նրա «հարցը դրվել է» ՔՊ վարչության նիստերից մեկում, որին մասնակցել է նաեւ Անդրանիկ Քոչարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս մյուս թիմակիցների, Արմեն Փամբուխչյանի դեմ եւս կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» է ներկայացրել, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը հրավիրված վարչության դռնփակ նիստի ժամանակ ճշտել է, որ Անդրանիկ Քոչարյանի բացահայտումները Արմեն Փամբուխչյանի կապակցությամբ այնքան էլ անիրական չեն։

Մասնավորապես բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ ՔՊ-ի աչքի փուշ նախկինների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաեւ բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ։

Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից:

Հաստատվել են նաեւ լրատվամիջոցների բացահայտումները, որ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։

ՔՊ-ում հենց այս բացահայտումների հետեւանք են համարում նաեւ Արմեն Փամբուխչյանի վարորդին պատկանող Lexus-ների հրդեհվելը ավտոտնակում՝ անհասկանալի հանգամանքներում, ինչի մասին ArmLur.am-ը հայտնել էր։

Անդրանիկ Քոչարյանն էլ իրենից գոհ է, որ իր հայտարարությունները Արմեն Փամբուխչյանի վերաբերյալ հաստատվել են. հրաժարվել է նրանից ներողություն խնդրել, ինչպես դա արել էր ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի դեպքում (Քոչարյանը նրանցից ներողություն էր խնդրել):

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը «աչքի տակ է առել» նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին. չի բացառվում, որ Փամբուխչյանից հետո նա անցնի Տիգրան Ավինյանին ու փորձի նրան էլ «պատժել»»:

 

«Հրապարակը» գրում է․ Իշխող թիմում խոսում են, որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի կողմից է հրահանգված, որքան նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի։ Պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք փորձել են Փաշինյանի մոտ բարեխոսել, թե «մեր Աղազարյանն է, չի դնում՝ թող չդնի մանդատը, չարժե մեծ աղմուկ բարձրացնել», սակայն նա կատեգորիկ է եղել պետք է դնի։ ՔՊ-ում էլ պարզել են, որ հոկտեմբերի վերջերին Աղազարյանը հարցազրույց է տվել եւ Աննա Հակոբյանի «կլիենտներից» մեկին՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել է «ստոր մարդ»:

Ասել է. «Ես չգիտեմ, թե նա ինչպես է հայտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած հավաքին»։ Ապա, անդրադառնալով Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե ինքը «շնորհակալ է Ադրբեջանին, որ կալանավորել է Ռուբեն Վարդանյանին... նա պետք է սատկի Բաքվի բանտում», ասել է. «Անգամ եթերային բառերս չեն հերիքում, որ գնահատական տամ նման մարդուն»։ Ի դեպ, Աղազարյանը դեռ չի արձագանքում իր մասին տարածվող կեղծիքներին, բայց սպառնում է` եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու։

 

«Փաստ» օրաթերթը գրել է. Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ օրերս բուժզննում անցնելու նպատակով փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք: Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Տեղեկությունը հաստատել էր Գևորգյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, պատճառն իր քաղաքական հայացքներն են, ու ցանկանում են իրեն հոգեբանորեն ճնշել: Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» շարժման անդամ է:

Այս հրապարակումից հետո «Փաստը» ստացել է մի շարք տեղեկություններ, որ Գևորգյանի օրինակը եզակի չէ. նման առնվազն տասը օրինակի մասին են մեզ տեղեկացրել, երբ միայն վերջին մեկերկու ամսում թույլ չեն տվել մտնել զինվորական հոսպիտալ, և ոչ միայն: Ավելին, նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ նույն հոսպիտալի բժիշկներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել՝ դարձյալ քաղաքական ենթատեքստով: Ընդ որում, տվյալ բժշկուհին, որ խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, ուղղակի իրեն «մեղադրել» են «Համահայկական ճակատի» անդամներից մի քանիսի հետ ընկերական շփումներ ունենալու մեջ: