Քաղաքական որևէ երանգ խնդիրը չունի, բացառապես տեխնիկական. Սանդիկով

Քաղաքական որևէ երանգ խնդիրը չունի, բացառապես տեխնիկական. Սանդիկով

ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ և ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքներով, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել է լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնել հայաստանյան դպրոցների համար ռուսաց լեզվով ավելի քան 50 հազար դասագրքերի ձեռքբերման և հետագա նվիրատվության համար. այդ մասին նախօրեին հայտնել էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը։

Նա, սակայն, ափսոսանքով նշել է, որ գործընթացում խոչընդոտներ են ի հայտ եկել՝ ԿԳՄՍՆ ձեռամբ.

«Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այս գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ մեր հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ»,- նշել էր նա։ 

MediaHub-ը կապ հաստատեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Ալեքսեյ Սանդիկովի հետ, հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել:

«Խնդրին ծանոթ եմ, ԿԳՄՍ նախարարության հետ խոսել եմ: Նոր կրթական չափանիշների հետ համապատասխանությունը ստուգելու նպատակով են վերցրել դասագրքերը, հավաստիացնում եմ՝ գլոբալ խնդիր չկա: Զուտ տեխնիկական հարց է, առաջարկում եմ ընդամենը մի քանի օր սպասել»,- ասաց Սանդիկովը:

Նա նաև հավելեց, որ Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում խոսել է ռուս գործընկերների հետ, բացատրել իրավիճակը.

«Ընդամենը պետք է մի փոքր սպասել, հարցը կարգավորվում է: Հավաստիացնում եմ, քաղաքական որևէ երանգ խնդիրը չունի, բացառապաես տեխնիկական է»,- հավելեց Սանդիկովը:

 

Ռեբեկա Հովհաննիսյան