Թրամփը սպասում է Չինաստանից առևտրային գործարքը քննարկելու զանգի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Չինաստանի ղեկավարության զանգը՝ առևտրային հարցերը քննարկելու համար։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը և Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Դեոկ Սուն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել առևտրային համագործակցությունը։ «Չինաստանը նույնպես ցանկանում է գործարք, իսկապես ցանկանում է, բայց չգիտի, թե ինչպես սկսել: Մենք սպասում ենք նրանց զանգին: Դա տեղի կունենա», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում:
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։
Չինաստանի նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերը սահմանվել են 34 տոկոս։ Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 10-ից 34 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանեն ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների վրա։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 9-ից չինական ապրանքների համար լրացուցիչ 50% մաքսատուրք կսահմանի, եթե Պեկինը չչեղարկի սեփական պատասխան մաքսատուրքերը։