Փարաքարի սկանդալային համայնքապետը շնորհակալագիր է տվել նախարարին պատկանող ռեստորանին

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը շնորհակալագիր է տվել «Լիաննա Գարդեն Հոլ» ռեստորանային և հյուրանոցային համալիրին՝ Մարտի 8-ի տոնի կազմակերպմանն աջակցելու համար։
Շնորհակալագրի վրա գրված է․ «Տրվում է «Լիաննա Գարդեն Հոլ» ռեստորանային և հյուրանոցային համալիրին՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Տիգրան Մկրտչյանի, Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ կազմակերպված միջոցառմանն աջակցելու համար»։
Նշենք, որ այս ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ու նրա ընտանիքին, իսկ շնորհակալագրում նշված հիմնադիր տնօրեն Տիգրան Մկրտչյանն էլ նախարարի եղբայրն է։ Նրանք հենց Փարաքար համայնքից են, ու Փարաքարի ավագանու ընտրությունների ժամանակ ծավալված իրադարձությունների ժամանակ հենց Նարեկ Մկրտչյանի հովանավորչությամբ և աջակցությամբ կարողացավ ՔՊ-ն «Ապրելու երկրից» խլել համայնքապետի պաշտոնն ու զավթել իշխանությունը նախարարի հարազատ համայնքում։ Հիմա էլ Նարեկ Մկրտչյանն ու նրա ընտանիքի անդամները աջակցել են իրենց նշանակած թեկնածուին՝ Դավիթ Մինասյանին, որն առանձին դաշինքով էր մասնակցում և հիմա կիսում է իշխանությունը ՔՊ-ի հետ, որ համայնքապետարանը քեֆ անի իրենց պատկանող ռեստորանում։
Այստեղ երկու բան կարող ենք մտածել. հավանաբար նախարարին պատկանող ռեստորանում անվճար քեֆ են արել փարաքարցիները, դրա համար էլ համայնքի ղեկավարը որոշել է շնորհակալագիր տալ ռեստորանատիրոջը։ Կամ, ինչին ավելի հակված ենք, բյուջեից կլորիկ գումար է դուրս գրվել այս նպատակով ու օրինական ճանապարհով մտել սեփական գրպան:
Ի դեպ, հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական գործ կա հարուցված խուլիգանության հատկանիշներով։ Նա անցյալ տարվա հունիսին հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ գիշերային ակումբում անհավասարակշիռ և առերևույթ խուլիգանական պահվածք ցուցաբերելով։
Վահե Մակարյան