Ռուսաստա՞նն է այն երրորդ ուժը, որը շահագրգռված է անհարկի ակնկալիքներ ձևավորել ԵՄ-ին անդամակցության հարցում

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին հիշեցրինք, որ ԵՄ-ին անդամակցության մասով իշխանությունները ազնիվ չեն և ժողովրդին իրականությունը չեն ասում, որ Հայաստանն այնպես չէ, թե վաղը կամ մյուս օրը դառնալու է ԵՄ անդամ՝ դրանից բխող օգուտներով կամ վնասներով։
Ինչո՞ւ ազնվորեն այդ մասին չի ասում կառավարությունը ժողովրդին, այսօր հարցրինք ԱԳ փոխնախարարին։ «Թույլ տվեք չկիսել այդ դիրքորոշումը, որ Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ գործընթացներում ազնիվ չէ։ Իրապես պետք է նշել, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը երկարատև պրոցես է՝ նաև հաշվի առնելով, որ այս պահին ՀՀ-ն անգամ թեկնածուի կարգավիճակ չունի և չի էլ դիմել թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Կան Եվրամիության ինտեգրման գործընթացներ, որոնք դեռ տարիներ առաջ են սկսվել, անգամ մինչև 2018 թվականն են սկսվել, և կան գործընթացներ, որոնք կապված չեն Եվրամիությանն անդամակցության հետ։ Օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացն ամենևին էլ պայմանավորված չէ ԵՄ անդամ լինելու կամ նման հայտ ներկայացնելու հետ։ Իսկ անձնապես նաև կարծում եմ, որ կան երրորդ ուժեր, որոնք մեր հասարակության շրջանում փորձում են անհարկի ակնկալիքներ ստեղծել Եվրամիությանն անդամակցության շատ կարճ պրոցեսի հետ»,- ասաց Վահան Կոստանյանը։
-Բայց մյուս կողմից էլ քայլերն են այդպես գնահատում, որ դուք անհարկի ակնկալիքներ եք ձևավորում հասարակության մեջ։
-Մենք հանրային կոմունիկացիայի ուղղությամբ մշտապես աշխատում ենք և նաև աշխատում ենք կոորդինացնել այս գործողությունը ԵՄ գործընկերների հետ։ Ինչպես նշեցի, կան այլ՝ երրորդ ուժեր, որոնք շահագրգռված են անհարկի ակնկալիքներով։
-Ռուսաստա՞նն է այդ երրորդ ուժը։
-Ես ավարտեցի։
-Ամեն դեպքում, Դուք չե՞ք տեսնում, որ սրանով խորացնում եք հայ-ռուսական՝ առանց այն էլ լարված հարաբերությունները։
-Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները հարգանքով կմոտենան ՀՀ կառավարության կայացրած որոշումներին, իսկ այդ որոշումները պիտի հիմնված լինեն նաև ՀՀ քաղաքացիների կարծիքի և իրենց ձգտումների վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան